Կառավարությունը հաստատել է 2015-ի պետբյուջեի փոփոխված նախագիծը

Կառավարությունը հաստատել է 2015-ի պետբյուջեի փոփոխված նախագիծը

PanARMENIAN.Net - Կառավարությունը նոյեմբերի 27-ին հավանություն է տվել 2015-ի պետական բյուջեի փոփոխված նախագծին: Ինչպես նիստին նշել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո գործադիրը ստացել է մոտ 367 առաջարկություն «Հանրապետական», «Ժառանգություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններից, պատգամավորներից ու հանձնաժողովներից:

«Կառավարությունում ու վարչապետի մոտ քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկ, 210 առաջարկի հետ կապված տրվել են պարզաբանումեր, որոնք եղել են բյուջեի այս կամ այն կողմի պարզաբանումերի հետ կապված, 112 առաջարկություն մերժվել է, քանի որ մեծ գումարների հետ են կապված եղել»,-ասել է փոխնախարարը:

Պավել Սաֆարյանը նաև նշել է, որ բյուջեի նախագծում 13,5 միլիարդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել՝ մասնավորապես կուտակային համակարգի ներդրման ծախսերն ավելացել են 5 մլրդ դրամով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համաֆինանսավորման համար՝ 3 մլրդ դրամ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ 2 մլրդ դրամ, Քննչական կոմիտեի համար՝ 1,2 մլրդ դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ 900 մլն դրամ:

Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ առաջարկությունների հիման վրա կանխատեսվող եկամուտները կաճեն շուրջ 7 մլրդ դրամի չափով, իսկ ծախսերը կկրճատվեն՝ շուրջ 6 մլրդ դրամի չափով, գրում է Tert.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ բյուջեի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովում և կքննարկվի երեքշաբթի հերթական նիստում: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է ապահովել նախագծի և ամփոփաթերթի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ Ազգային ժողով՝ ԱԺ-ում քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ:

Կառավարության ներկայացրած 2015-ի բյուջեի նախագծով նախատեսվում է 4,1 տոկոս տնտեսական աճ:Նոյեմբերի 12-ին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով բյուջետային ցուցանիշներին, բավարար չի համարել կանխատեսվող տոկոս տնտեսական աճը. «Կարելի է տարբեր անվանումներ տալ 2015 թվականի բյուջեի նախագծին, սակայն ակնհայտ է, որ այն չի կարելի համարել զարգացման»,- հայտարարել է նա, ապա հավելել, որ կանխատեսված 4.1 տոկոս տնտեսական աճը, նույնիսկ եթե իրականություն դառնա, բավարար չէ: Նա հիշեցրել է, որ Կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվում էր 5 տոկոս տնտեսական աճ:

Տիգրան Ուրիխանյանը բյուջետային մուտքերի ապահովման հարցում կարևորել է հատկապես մանր ու միջին ձեռներեցության զարգացումը. «Ես դժվարանում եմ որևէ դրական հատկանիշ գտնել այս նախագծում. անհրաժեշտ են ռադիկալ փոփոխություններ և նախորդ կառավարության ավիրած համակարգը այլևս նույնիսկ յոլա տանելու մակարդակով չի կարող գործել այս չնչին փոփոխություններով, եթե դրանք նույնիսկ կատարվեն»:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարել է, թե ներկայացվող բյուջեն ոչ մի տեղ չի տանելու. «Մենք ևս մեկ կորսված տարի կունենանք»:

 Ուշագրավ
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա
Իրանից ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են այն գներով, որ տեղական արտադրողը չտուժի
Փոխնախարարի խոսքով՝ համակարգի շահառուների թիվը սրընթաց աճում է, և դա «ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել»