«Շենացնենք մեր երկիրը». Հեռուստամարաթոնն արձանագրել է $12.399.550 նվիրատվություն

«Շենացնենք մեր երկիրը». Հեռուստամարաթոնն արձանագրել է $12.399.550 նվիրատվություն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12.399.550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հիմնադրամի պաշտոնական կայքը հայտնում է, որ այս տարի հեռուստամարաթոնն ընթանում էր «Շենացնենք մեր երկիրը» կարգախոսով:

Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող մոտ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև` բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին, որոնք կիրականացվեն Հայաստանում և Արցախում:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը` որպես ռազմավարական ծրագիր հաստատված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջև: Նոր մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլև կխթանի զբոսաշրջությունը և, մեծ հաշվով, կնպաստի մեր երկրների տնտեսության առաջխաղացմանը:

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1996-ից անցկացնում է հեռուստամարաթոններ, որոնք տեղի են ունենում Լոս Անջելեսում, յուրաքանչյուր տարվա նոյեմբերին: 12-ժամյա հեռուստամարաթոնները ոչ թե սոսկ դրամահավաքին ուղղված միջոցառումներ են, այլ հայությանը մեկ միասնական գաղափարի և ծրագրի շուրջ համախմբող լայնածավալ ձեռնարկ:

2013-ին նվիրաբերված գումարներով կատարված աշխատանքները ներառում էին ամբողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան և արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջի կառուցում ու վերանորոգում:

Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի առաջին 12 կմ-ն ասֆալտապատ է: Հաջորդող հատվածը՝ մինչև Մարտակերտ, պատված է խտացված հողային պաստառով և երթևեկելի է նաև մարդատար մեքենաների համար:

2013-ին 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22.661.372 ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հեռուստամարաթոն 2013-ի հանգանակությունների առաջատարը, ըստ երկրների, Ռուսաստանն էր՝ 12.350.000 ԱՄՆ դոլարի չափով, ապա ԱՄՆ արևմտյան շրջանը (Լոս Անջելես)` 2.000.000 ԱՄՆ դոլարի:

Հիմնադրամի կողմից իրականացված դրամահավաքի շրջանակներում ամենաշատ գումարը հավաքվել է 2008-ի հեռուստամարաթոնի ժամանակ՝ 35 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ամենաքիչը՝ 2004-2005թթ-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---