26 հունիսի 2006 - 13:55 AMT
«Նեզավիսիմայա գազետա». Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կանցնի կոշտ ամերիկյան սցենարով
Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի նոր հանդիպումը ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ, որն անպայման տեղի կունենա այս տարի, հավանաբար կանցնի կոշտ ամերիկյան սցենարով, գրում է «Նեզավիսիմայ գազետան»: Ինչպես նշվում է հոդվածում, «բարձր մակարդակով բանակցությունների (հանդիպումը տեղի ունեցավ հունիսի սկզբին Բուխարեստում) հերթական տապալումից հետո խաղաղ գործընթացը որոշել են իրենց կոշտ վերահսկողության տակ առնել ամերիկացիները; Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը փոխել է իր համանախագահին ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այժմ Սթիվեն Մաննի փոխարեն հակամարտող կողմերին կհաշտեցնի Մեթյու Բրայզան, որն մինչ այդ աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով»: Ի տարբերություն իր նախորդների, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից իր գործընկերների, Բրայզան ավելի բաց է լրագրողների համար: Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ամերիկացի համանախագահը առաջին անգամ բացահայտեց հակամարտության կարգավորման բովանդակությունն ու հիմնական սկզբունքները, որն առաջարկվում է ստորագրել Իլհամ Ալիեւին եւ Ռոբերտ Քոչարյանին:
«Բանակցությունների սեղանին այժմ կա պատրաստի, կոնկրետ փաստաթուղթ, որը նրանք դեռեւս հրաժարվում են ընդունել»,-ասել է Մ.Բրայզան: Նրա խոսքերով, շրջանակային համաձայնության նախագծի հիմնական կետերը նախատեսում են հետեւյալ քայլերը` Հայաստանը դուրս է բերում զորքերը վերահսկվող տարածքներից, նորմալանում են դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հակամարտության գոտում տեղակայվում են խաղաղապահ զորքեր, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին միջազգային տնտեսական աջակցություն է ցուցաբերվում, անց է կացվում հանրաքվե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Բրայզան կոչ արեց նախագահներին ընդունել այս շրջանակային փաստաթուղթը: Միաժամանակ, նա խոստովանեց, որ «դրա համար քաղաքական կամք է հարկավոր»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահը կփորձի ուղղորդել նախագահներին հարկավոր ուղղությամբ մոտակա շաբաթներին տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ: Սակայն, դատելով Բաքվի եւ Երեւանի արձագանքներից, Բրայզային հեշտ չի լինի զիջումներ կորզել Իլհամ Ալիեւից եւ Ռոբերտ Քոչարյանից: Անցած շաբաթվա վերջում, հանդես գալով Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի շրջանավարատների առջեւ, Ադրբեջանի նախագահն ուղղակի հայտարարեց. «Խաղաղ թե ռազմական ճանապարհով, բայց մենք անպայման կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,-գրում է «Նեզավիսիմայա գազետան»: