26 հունիսի 2006 - 14:10 AMT
Մեթյու Բրայզայի կողմից հրապարակված Ղարաբաղի շուրջ համաձայնագրի կետերը չեն արտացոլում փաստաթղթի ողջ էությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի հրապարակած ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի կետերը «կողմերին առաջարկված փաստաթղթի ընդամենը որոշ տարրեր են, որոնք բնականաբար չեն արտացոլում համաձայնագրի նախագծի էությունը, ինչն անտեղի մեկնաբանությունների հրապարակ գալու առիթ տվեց»: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Այսպես թե այնպես, եթե ապագայում ԶԼՄ-ներում կրկին նմանատիպ բացահայտումներ հայտնվեն, ապա հայկական կողմը կհրապարակի վերջին 7-8 տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ քննարկված բոլոր փաստաթղթերը. «ընդհանուր պետության» սկզբունքով համաձայնագրի նախագիծը, Քի-Ուեսթում քննարկված փաստաթուղթը եւ վերջերս Բուխարեստում քննարկված նախագիծը: Վստահ եմ, արդեն այդ ժամանակ ամեն բան պարզ կդառնա: Ի դեպ, բոլոր երեք նախագծերն էլ մերժել է հենց ադրբեջանական կողմը», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին, ապա Վ.Սողոմանյանը նշել է. «Հերթական անգամ մեկնաբանել այդ նույնաբովանդակ արտահայտու֊թյունները անտեղի ենք համարում»: