Հռոմի պապը` հայ-թուրքական սահմանի մասին. Պետք է օգնենք, որ իրավիճակը հարթվի

Հռոմի պապը` հայ-թուրքական սահմանի մասին. Պետք է օգնենք, որ իրավիճակը հարթվի

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերություններին:

«Թուրքիայի կառավարությունը անցյալ տարի մի ժեստ արեց: Նախկին վարչապետ Էրդողանն ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին: Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր»,- ասել է պապը` քայլը գնահատելով դրական:

«Ես կարող եմ ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք հանուն այն բանի, որ այս ժողովուրդների միջև փոխհամաձայնություն լինի: Պետք է օգնենք, որ այս իրավիճակը հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի թեկուզ և փոքր ժեստերի, բայց մերձեցմանն ուղղված քայլերի տարի»,- ասել է Ֆրանցիսկոս պապը, մեջբերում է Ermenihaber-ը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում: Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը:

«Մոլեռանդությունն ու արմատականությունը, ինչպես նաև՝ անխոհեմ մտավախությունները, որոնք նպաստում են թյուրըմբռնմանը և խտրականությանը, պետք է հակադարձվեն բոլոր հավատացյալների աջակցությամբ և միասնությամբ», - ասել է Պապը` հավելելով, որ ահաբեկչական բռնությունը թուլացման որևէ հեռանկար ցույց չի տալիս Իրաքում և Սիրիայում, որտեղ շարունակվում են քրիստոնյաների և եզդի փոքրամասնության հալածանքները, և հարյուր-հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու երկիրը` ապրելու և իրենց կրոնական հավատքին հավատարիմն մնալու համար:

Հռոմի պապն ընդգծել է, որ Թուրքիան «մեծ պատասխանատվություն» է կրում իր պատմության և արևելքն ու արևմուտքը կապող աշխարհագրական դիրքի պատճառով և կարող է օգնել միավորել տարբեր համայնքներ ու ճանապարհ բացել խաղաղության համար:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---