«Հին Երևան» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել. Աշխատանքները կմեկնարկեն 2015-ին

«Հին Երևան» ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել. Աշխատանքները կմեկնարկեն 2015-ին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել:

Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ներկայացուցիչը: Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին: Կառուցապատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը կհամաձայնեցվի կողմերի միջև՝ որպես համաձայնագրի անբաժան մաս:

Ավելի վաղ՝ Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում ընդունված որոշման համաձայն Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումներ կսկսվեն: Ինչպես մանրամասնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, այս որոշմամբ սկսվել են «Հին Երևան» ծրագիրն արդյունավետ և լիարժեք իրականացնելու աշխատանքները:

Որոշումը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխություններն ու նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը:

«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015-ի վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», - նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ Կառավարությունը 2013-ի օգոստոսի 29-ին գերակա հանրային շահ էր ճանաչվել Գլխավոր պողոտայի, Աբովյան, Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը: Ըստ քաղաքապետարանի, դա հնարավորություն կտա ավարտին հասցնելու քաղաքաշինական ծրագիրը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, հիմնականում վթարային բնակելի ֆոնդն ու Գլխավոր պողոտայի` Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

ՀՀ քաղաքաշինության նախարարը պետք է մշակի համալիրի կառուցապատման նախագիծը՝ նախատեսելով ստորգետնյա 2 և վերգետնյա առավելագույնը 3 լրիվ և 1 մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև «Հին Երևան» համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:

Կոնդում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքների ավարտի և այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախագիծը նախատեսում է թաղամասում առկա հողամասերը փոխանցել «Գլենդել Հիլզ»-ի խմբին՝ իրացվողների ու նախնական գնորդների հանդեպ պարտավորություններով հանդերձ։

Ըստ քաղշիննախարարության ներկայացրած նախագծի, որոշման ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխությունները, բարենպաստ միջավայր ստեղծել ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև նվազեցնել վերոնշյալ ծրագրերի հետ կապված ռիսկերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---