3 դեկտեմբերի 2014 - 12:28 AMT
Թուրքական կուսակցության առաջնորդ. Հռոմի պապը հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելու իրավունք չունի

Հռոմի պապն իրավունք չունի խոսելու հայ-թուրքական սահմանի բացման մասին, հայտարարել է թուրքական Ազգային գործողության կուսակցության (ԱԳԿ) առաջնորդ Դևլեթ Բախչելին: Նրա համոզմամբ,Պապի հայտարարությունը կապված է Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյակի հետ և «վտանգավոր է»,TRT Haber-ին հղումով գրում էTrend-ը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա այցելության ժամանակ հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը կբացվի՝ նշելով, որ դա «իմ սրտի ցանկությունն է»: Նա կոչ է արել աղոթել, որ հայ և թուրք ժողովուրդները փոխհամաձայնության գան:

1993-ից Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

Հռոմի պապը նոյեմբերի 28-ին Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կրոնական հանդուրժողականության և երկխոսություն սկսելու կոչ է արել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում: Ելույթ ունենալով Անկարայում՝ Ֆրանցիսկոս պապը բոլոր կրոնների հետևորդներին կոչ է արել հարգել մարդկային կյանքը, արժանապատվությունը և կրոնական ազատությունը: