3 դեկտեմբերի 2014 - 14:41 AMT
Թանկացումների դեմ զսպման մեխանիզմներ կկիրառվեն. Իմիջի հարց է

Հայաստանում նկատվող թանկացումները մտահոգում են իշխանություններին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Եթե իշխանություններին չմտահոգեր, մենք չէինք լինի այստեղ: Ամենաշատն իշխանությանն է մտահոգում, որովհետև իշխանության իմիջի խնդիր է, որ ժողովուրդը լավ ապրի»,- ասաց Սահակյանը:

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ դրամի արժեզրկման պատճառները շատ տարբեր կարող են լինել` չնայած նրան, որ փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում.«Համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ տրադիցիոն այդպես է կարծես թե եղել, Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Ըստ Սահակյանի` թանկացումներն ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ. «Զսպման մեխանիզմներ կկիրառվեն: Թե ինչ կլինի, կերևա դեկտեմբերի 15-ից հետո», մեջբերում է Panorama.am-ը:

Նախօրեին «Հայկական ժամանակը» գրել է, որ վերջին օրերին Հայաստանում նկատվում է կաթնամթերքի թանկացում, ինչը համընկել է դրամի արժեզրկման հետ, սակայն թերթի տեղեկություններով, դրա հետ ոչ մի կապ չունի. իրականում՝ կաթնամթերքի թանկացումը պայմանավորված է նոյեմբերի մեկից կաթնամթերքի պարտադիր դրոշմապիտակավորմամբ:

Նոյեմբերի 29-ին «Հայկական Ժամանակ»-ը գրել է, որ Հայաստանի խանութներում հնդկաձավարը (գրեչկա) մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից թերթի թղթակցին հայտնել են, թե հնդկաձավարի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, ուստի հանձնաժողովը այդ շուկայով չի հետաքրքրվել:

Նախորդ շաբաթ «Ժողովուրդ»-ը ևս շրջայց է կատարել երևանյան խանութներում և սուպերմարկետներում ու արձանագրել որոշ ապրանքատեսակների գնաճ: Խանութներում վաճառողները «Ժողովուրդ»-ին հավաստիացրել են, որ շաբաթվա սկզբին, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ, առաջին անհրաժեշտության մի արք ապրանքներ կտրուկ թանկացել են:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կարագին, ձեթին, ձավարեղենին, մակարոնեղենին, ինչպես նաև էական գնաճ կա ամանորյա տոների համար մեծ պահանջարկ ունեցող ընկույզի, պնդուկի և չամիչի շուկայում: Շաքարավազի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, մակարոնեղենինն ու ալյուրինը՝ 20-30 դրամով: Իսկ 1կգ հնդկաձավարը՝ գրեչկան, թանկացել է 100 դրամով: Ի դեպ, ընկույզի մեկ կիլոգրամը որոշ սուպերմարկետներում վաճառվում է արդեն 14 հազար, որոշներում՝ 9 հազար դրամով»,-հավելել է թերթը: Դեկտեմբերի 2-ին Երևանի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը հասել է 1 դոլարի դիմաց 450–470 դրամի։ Միաժամանակ մեկ օր առաջ արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 435,26 դրամ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացավ 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ–ն դրամի արժեզրկումն անվանեց փոխարժեքի շտկում, որը պայմանավորված է ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արտարժույթի պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել` նշելով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղիունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները,նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:

Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակն իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: «Կենտրոնական բանկն այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտիփոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»,- նշվում է հայտարարության մեջ:

Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան: Հավելենք, որ դեկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի տվյալով ԿԲ-ն 1 ԱՄՆ դոլարի դիմաց սահմանել է 442,33 դրամ: