3 դեկտեմբերի 2014 - 14:56 AMT
Կոնգրեսում նշել են Արցախի անկախության 23-րդ տարեդարձը, բայց Պետդեպի դիրքորոշումը ԼՂ հարցում չի փոխվել

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք կոնգրեսականներ, ովքեր իրենց ելույթներում շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին և միջոցառման մասնակիցներին, անդրադարձել պետականաշինության ժողովրդավարական ընթացակարգերին և անկախ պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներին:

Կոնգրեսականների ելույթներում գերակշռել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության շեշտադրումը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Երեկոյին մասնակցում էին Վաշինգտոնի և մերձակա նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԼՂՀ անկախության հերթական տարեդարձին նվիրված միջոցառման գլխավոր բանախոսը Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: Իր ելույթում նա մասնավորապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է և անվտանգության միջազգային երաշխիքներով նրան օժտելը: Խորհրդարանի նախագահի խոսքերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լավ գիտեն ազատության և այն պաշտպանելու ելած ժողովրդի անվտանգության ու խաղաղության գինը, ինչի համար Արցախը ստիպված է պայքարել ամեն օր:

Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձի կապակցությամբ «Ռեյբըրն» մասնաշենքում հայկական դեսպանության և ԱՄՆ Կոնգրեսի` Հայկական հարցերով խմբի նախատեսած ընդունելության վերաբերյալ հարցին հայտարարել է, թե Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել:

«Կոնգրեսը միանշանակ ազատ է նման իրադարձություններ ունենալ, մենք չունենք որևէ դիրքորոշում, թե ինչ է Կոնգրեսն անում այս տեսակի իրադարձությունների հետ կապված, մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Հարֆը:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկարատև համաձայնության հասնելու հանձնառությանը, և դա ենք մենք ասում արդեն երկար ժամանակ»,- ասել է նա:

Հարֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն որևէ տեսակետ չունի իրադարձության վերաբերյալ, և Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել:

«Երբեմն այն ամենը, ինչ Կոնգրեսն ասում է, չի համապատասխանում մեր դիրքորոշմանը»,- ասել է նա:

Բացի վերոնշյալ միջոցառումից, Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 2-ին առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:

Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի անդամների անաչառ և համարձակ դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, հուլիս-օգոստոս ամիսներին և նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմի կազմակերպած սադրանքներին արագ արձագանքումը և դատապարտումը: Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին, կարևորել քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև քննարկել սոցիալական ծրագրերի իրականացման հնարավորությունները: