3 դեկտեմբերի 2014 - 16:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հաշմանդամությունը վերջնագիր չէ. Լուծենք խնդիրներն ու ձգտենք ավելիին

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է: Այն ևս մեկ հնարավորություն է՝ բարձրաձայնելու խնդիրները, որոնց առնչվում են հաշմանդամություն ունեցող անձինք իրենց առօրյա կյանքում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում օրվա խորհուրդին համահունչ կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել է հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երեխայի և երիտասարդի մոտ 70 ձեռքի աշխատանք:

«Մեր երկիրը փորձում է սոցիալական պաշտպանվածության քաղաքականությունից անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականությանը, ինչը նշանակում է՝ ստեղծել հավասար հնարավորություններ աշխատանքի բոլոր բնագավառում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք կարողանան ներգրավվել հասարակական կյանքին»,-ասել Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը` հավելելով, որ այսօր հաշմանդամների հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ մեծ առաջընթաց է նկատվում.

«Արդեն քաղաքապետարանի անմիջական ուշադրության կենտրոնում է գտնվում փողոցների, մայթերի, թեքահարթակների հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Սա մեկ անգամ ևս գալիս է մեզ ասելու, որ արդեն պետությունը ուշադրություն է ցուցաբերում հաշմանդամություն ունեցողների հիմնահարցերին»:

2014-ի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 195.925 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում հաշմանդամ երեխա 8.020 կամ 4.0% , 1-ին խումբ` 10.971 կամ 5.6%, 2-րդ խմբի` 85.500 կամ 43.6%, 3-րդ խմբի` 91.334 կամ 46.6%: Disabilityarmenia.am կայքի հաղորդմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը: Հաշմանդամություն ունեցող անձիք`աշխատունակ տարիքի (18-ից 63) կազմում են 65.2 %-ը, երիտասարդ տարիքի` (18-ից 40) կազմում են 13,9%, 40-ից 63 տարեկանկազմում են 51.3%, կենսաթոշակային տարիքի 30.6%: Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է մոտ 9%:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը ստորագրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագիրը և դրանով պարտավորություն ունի անել ամեն ինչ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորինս ինտեգրված լինեն հասարակությանը.

«Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել, և դեկտեմբերի մեկին ընդունվել է օրենք, որն իր մեջ ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումը հանրակրթությունում»:

Ըստ Արենսի, զգալի աշխատանքի անհրաժեշտություն կա հատկապես մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների ինտեգրման հարցում, քանի որ հասարակության մեջ դեռևս առկա է մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների հարցում խտրականությունը:

Save the Children կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան էլ իրենց աշխատանքի մասին` նշելով, որ այն ուղղված է հաշմանդամություն անձանց զբաղվածության խնդիրները լուծելուն:

«LIFE ծրագրի շրջանակներում Երևանում և այլ մարզերում ևս 17 սոցիալական ձեռնարկությունում մինչև այսօր աշխատանք է գտել մոտավորապես 200 հաշմանդամություն ունեցող անձ: Մեր կողմից իրականացված աշխատանքները ներառում են մասնագիտական կրթությունը, որը ծրագրի շնորհիվ հասանելի է դարձել մոտ 900 հաշմանդամություն ունեցող երիտասարդի, որոնցից 200-ն անցել են աշխատանքի»,-ասել է նա և հայտնել, որ մինչև այսօր հաշմանդամություն ունեցող 400 անձ է աշխատանքի տեղավորվել իրենց ծրագրով.

«Այսօր հաշմանդամություն ունեցող անձը ուզում է և միանշանակ կարող է աշխատել: Գործատուները ասում են, որ հաշմանդամություն ունեցող անձը բերում է նույն տնտեսական օգուտը, ինչ հաշմանդամություն չունեցողը»,- մեջբերում է Tert.am-ը:

Հայաստանի Հանրապետությունը 2010-ին վավերացրել է ՄԱԿ-ի 2006-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը միանշանակորեն չի տալիս «հաշմանդամություն» բառի սահմանումը: «Հաշմանդամությունը» զարգացող հասկացություն է, քանի որ հասարակությունն ու հասարակական կարծիքը հաճախ են փոփոխություններ կրում: Այդ իսկ պատճառով կոնվենցիան չի պարտադրում սահմանված հասկացություն, այլ կիրառում է դինամիկ մոտեցում: Կոնվենցիան հաշմանդամություն ունեցող անձանց առաջարկում է պաշտպանության աննախադեպ մակարդակ: Այն մանրամասնում է իրավունքները, որոնցից օգտվում են հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ինչպես նաև պետությունների և այլ մասնակիցների պարտավորությունները:

Բացի ցուցահանդես վաճառքը, օրը Երևանում նշանավորել են նաև այլ միջոցառումներով. մասավորապես, որպես մատչելի Երևան ծրագրի շարունակություն` Երևանի կենդանաբանական այգում, Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում և Մոսկովյան փողոցի՝ Առագաստ սրճարանի հարակից պուրակում տեղադրվել են անվասայլակներով տեղաշարժվող երեխաների համար նախատեսված հատուկ ճոճանակներ:

Քաղաքապետարանից խոստանում են` ծրագիրը շարունակական բնույթ կկրի, իսկ խաղահրապարակների ընտրության հարցում հաշվի են առնվել հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկությունները:

Իսկ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սրահում Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր շրջանակներում և իր հարկի տակ գործող «Արևիկ Հայաստան» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպելու էր ցերեկույթ՝ կենտրոնի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մասնակցությամբ: Ցերեկույթին ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իրականում հատուկ կարիքներով մարդկանց խնդիրները միայն թեքահարթակները չեն, որոնց լինել-չլինելու մասին հաճախ է խոսվում: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել «Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը` թվելով խնդիրների մի քանիսը` հարմարեցված տրանսպորտի բացակայությունը, կրթություն ստանալու և աշխատանքի իրավունքից զրկվածությունն ու նախադպրոցական տարիքի հատուկ կարիքներով երեխաների տանը փակված լինելը, գրում է «Առավոտը»:

ՀԿ-ն բազմաթիվ հետազոտություններ է անցկացրել, որոնց արդյունքում, օրինակ, պարզվել է, որ ո´չ Գյումրիում, ո´չ Վանաձորում ոչ մի մշակութային օջախ մատչելի չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց: Մեկ այլ հետազոտություն էլ կրթության վերաբերյալ են անցկացրել. շատ բուհերում` հատկապես մասնավոր, նույնիսկ հարցումներին են դժվարությամբ պատասխանել` հաշմանդամ ուսանող պարզապես չունեն:

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ անդրադարձել հաշմանդամություն ունեցող մարդակնց խնդիրներին. Նա վստահ է`պետք է պիտակավորումից խուսափել և չօգտագործել «հաշմանդամ» տերմինը: Պետք է այնպես անել, որ հատուկ կարիքներով երեխաներից սկսած` կարողանան կրթություն ստանալ, որպեսզի հետագայում նրանք կարողանան իրենց կերակրել, ինքնագնահատականը բարձր լինի և, ընդհանրապես, իրենց պիտանի զգան:

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանն էլ է անդրադարձել օրվա խորհրդին ու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին` առանձնացնելով հասարակական սանհանգույցների չհարմարեցված լինելը, անձնագրային բաժնում ծագող զանազան դժվարություններն ու մարզերում թեքահարթակների գրեթե իսպառ բացակայությունը:

Իսկ «Սատար հաշմանդամներին» ՀԿ գործադիր տնօրեն, ազատամարտիկ, առաջին խմբի հաշմանդամ Գագիկ Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանն իր խոսքն է ուղղել հենց հաշմանդամություն ունեցողներին՝ կոչ անելով ընդունել ներկան ու շարժվել առաջ.

«Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է իրեն զգա հասարակության լիարժեք անդամ: Ընկճվածություն բոլորի մոտ էլ կա, բայց մարդը պետք է տեղավորվի իր ունեցածի մեջ` ձգտելով ավելիին: Առաջին պահին, ճիշտ է, ընկճվում ես, հետո զգում, որ կյանքը շարունակվում է»:

ՖՈՏՈՇԱՐՔ