Արցախի ԱԺ խոսնակի հետ հանդիպման պատճառով Ուորլիքին Բաքվում «ոչ ադեկվատ» են համարում

Արցախի ԱԺ խոսնակի հետ հանդիպման պատճառով Ուորլիքին Բաքվում «ոչ ադեկվատ» են համարում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ինչպես հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը, Ուորլիքի հետ Ղուլյանի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Ուորլիքի հանդիպումը Ղուլյանի հետ, ինչպես և սպասելի էր, խիստ բացասական արձագանք ստացավ Բաքվում: Ինքը Ուորլիքն այսպես մեկնաբանեց իր հանդիպումը Ղուլյանի հետ.

«Ես, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարևոր եմ համարում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման նպատակով: Մենք քննարկեցինք լարվածության նվազեցման կարևորությունը, որն առաջացել է նոյեմբերի 12-ին զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, և կարևորել ենք նաև բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,-ասել է նա ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

Մինչդեռ Ուորլիքի հասցեին ցասումնալից հանդիմանությամբ էր հանդես եկել ադրբեջանական Day.az-ը: Հրապարակման մեջ մասնավորապես, ասվում է, որ միջնորդի հանդիպումը Ղուլյանի հետ «վնասում է ամբողջ բանակցային գործընթացին»:

«Գուցե պարոն Ուորլիքն այդ կերպ ցանկանում էր իր չեզոքությունը ցուցադրել հայկական կողմին: Միջնորդներից մեկի նման ոչ ադեկվատ պահվածքը կարող է սպառնալիքի տակ դնել ամբողջ միջնորդական առաքելությունը: Առանց այդ էլ Ադրբեջանը բազում հարցեր ունի Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, իսկ Ուորլիքը կրկին ու կրկին անգամ հարվածներ է հասցնում նրա հեղինակությանը ոչ ադեկվատ գրություններով սոցցանցերում և կասկածելի անձանց հետ հանդիպումներով: Կարիք չկա դիվանագետ լինել հասկանալու համար, որ նման մեթոդներով ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվի: Իսկ չէ որ պարոն Ուորլիքը իրեն դիվանագետ է անվանում…»,-գրում է ադրբեջանական կայքը:

Ավելորդ չի լինի նշել, որ Ադրբեջանում ցանկացած առիթ են փնտրում կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից այլ ձևաչափ տեղափոխելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---