ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրի իրականացման կարգը հաստատվել է

ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրի իրականացման կարգը հաստատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է 2013-ի հունիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:

Այն ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանք, ծառայություն, մտավոր գործունեության արդյունք և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն մատակարարելու կարգը: Համանման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունն ստորագրել է միայն Բելառուսի Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետությունը ռազմական և ռազմատեխնիկական ակտիվ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ: Այս որոշումը կնպաստի վերը նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմների և մոտեցումների մշակմանը:

Ըստ պայմանագրի, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանից դեպի Հայաստան և արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան, պետք է իրականացվի ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված են իրականացնելու ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի պատվերները: Նոր տեխնիկայի կարիք ունեցող կազմակերպությունները Հայաստանում պետք է հայտ ներկայացնեն ՊՆ, որն իր հերթին ներկայացված հայտերի հիման վրա կկազմի ցանկ, որը լրացուցիչ ուսումնասիրության նպատակով կներկայացվի էկոնոմիկայի նախարարությանը, որից հետո ցանկը կուղղվի ՌԴ պաշտպանության նախարարություն:

Նման լիազորություն կունենան նաև իրավաբանական անձինք, որոնք ունեն ռազմական նշանակության արտադրանք ներմուծելու և արտահանելու, տարանցիկ փոխադրում ու առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա:

2013-ի հունիսին ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ-ն ու ու ՌԴ-ն ստորագրել էին ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանագիրը:

ՌԴ կողմից փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, իսկ հայկական կողմից՝ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը: այմանագրով նախատեսվում է, որ կողմերը միմյանց ռազմական նշանակության արտադրանքը կառաքեն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, ինչ սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական ստորաբաժանումների, իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների համար: Բացի այդ, պայմանագիրը իրավունք է վերապահում ռազմական նշանակության արտադրանք առաքող կողմին վերահսկել նրա առկայությունն ու կիրառումն ըստ նշանակության, որի կարգը կողմերը կսահմանեն լրացուցիչ համաձայնագրով:

ԱԺ-ն վավերացրեց պայմանագիրը 2013-ի դեկտեմբերին:

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց այն 2014-ի հունիսի 25-ին: 2014-ի հունիսի 30-ին ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության զարգացման մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը:

Ըստ պայմանագրի, ռազմական նշանակության արտադրանքի առաքումը կիրականացվի կողմերի լիազորված կազմակերպությունների կնքած պայմանագրերին համաձայն՝ առանց այդ ապրանքների ներմուծման (արտահանման) արտոնագրերի: Նախատեսվում է, որ պայմանագրերը կնքելու են կողմերի լիազոր կազմակերպություններն ըստ ռազմական նշանակության արտադրանքի ցանկի, որը կողմերը առաքելու են միմյանց ըստ հաստատված ցուցակների քաղվածքների, կողմերից յուրաքանչյուրի մաքսային օրենսդրության համաձայն:

Ըստ «Օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին» ՌԴ Դաշնային օրենքի 5-րդ հոդվածի, պետական կանոնակարգման ու ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պետական մենաշնորհի իրականացման հիմնական միջոցներն են ռազմական նշանակության արտադրանքի ներկրման և արտահանման արտոնագրումը և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում արտերկրի հետ առևտրային գործունեություն իրականացնելու իրավունք չունեցող ռուսական կազմակերպությունների մասնակցության բացառումը: Պայմանագրով նախատեսվում են այլ կանոններ, որոնք նախատեսված չեն ՌԴ օրենսդրությամբ: Ուստի, ըստ 1995 թ. հուլիսի 15-ի թիվ 101 «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» Դաշնային օրենքի 15 հոդվածի 1 կետի ա ենթակետի, պայմանագիրը ենթակա է վավերացման:

Բացի այդ կողմերը պայմանավորվել են, որ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ռազմական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Կստեղծվեն նաև սահմանապահների ու ԱԻՆ մասնագետների պատրաստման կենտրոններ: Հայաստանի ՊՆ-ն Ռուսաստանի օգնությամբ կստեղծի վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ՀՕՊ և ՌՕՈւ սպառազինության համար:

Ըստ որոշ տվյալների, ուղիղ գնումներ են նախատեսվում ՌԴ ռազմական գործարաններից:

2013 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում ՀԱՊԿ ծրագրի շրջանակում բացվեց «Կամազ-Հայաստան» սպասարկման կենտրոնը, որտեղ զինտեխնիկա է վերանորոգվելու: «ՀԱՊԿ շրջանակներում գործակցության հիմնական ուղղություններից այսուհետ կլինի կազմակերպության անդամ երկրների տարածքում սպառազինության ու զինտեխնիկայի վերանորոգման սպասարկման կենտրոնների բացումը»,- ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---