Պուտին. ԵՏՄ սկզբունքներից մեկը կլինի անդամների պետական ինքնիշխանության պահպանումը

Պուտին. ԵՏՄ սկզբունքներից մեկը կլինի անդամների պետական ինքնիշխանության պահպանումը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմնարար սկզբունքները կլինեն իրավահավասարությունը, պրագմատիզմն ու փոխադարձ հարգանքը: Այդ մասին դեկտեմբերի 4-ին Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ունենալ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: Կընդլայնենք մեր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ աճում են ինտեգրացիոն գործընթացները, որտեղ տարանջատում են քաղաքականությունն ու տնտեսությունը, հանում են առևտրի, տեխնոլոգիաների ու ներդրումների փոխանակման, մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները:

Մենք մտադիր չենք կասցենել մեր հարաբերությունները Եվրոպայի ու Ամերիկայի հետ, կվերականգնենք ու կընդլայնենք մեր ավանդական կապերը Հարավային Ամերիկայի հետ: Կշարունակենք գործակցությունն Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրների հետ»,-ասել է նա:

Ըստ Պուտինի, լավ են հայտնի գլոբալ տնտեսական զարգացման առաջատարները, որոնց թվում քիչ չեն Ռուսաստանի ռազմավարական գործընկերները:

«2015-ի հունվարի 1-ից լիարժեք կսկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը: Որո՞նք են նրա հիմնարար սկզբունքները: Առաջին հերթին, իրավահավասարությունը, պրագմատիզմն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաև անդամների ազգային ինքնատիպության ու պետական ինքնիշխանության պահպանումը: Վստահ եմ, որ սերտ կոոպերացիան հզոր ազդակ կհանդիսանա ԵՏՄ բոլոր մասնակիցների զարգացման համար»,-ասվում է Կրեմլի կայքում զետեղված Պուտինի ուղերձում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---