10  05.12.14 - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումար

Նախագահը՝ դրամի արժեզրկման մասին. ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է դիրքերը

Նախագահը՝ դրամի արժեզրկման մասին. ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է դիրքերը

PanARMENIAN.Net - Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին:

Նախագահը նշել է, որ համաշխարհային տնտեսությունում խորքային գործընթացներ են ընթանում. ԱՄՆ տնտեսության՝ այլ գերտերությունների համեմատ հարաբերական դրական զարգացումներով պայմանավորված վերջինիս արժույթի ուժեղացում գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների կիրառում, ինչը հանգեցնում է տնտեսական ծանր հետևանքների:

«Այս ամենի հետ մեկտեղ մենք հետճգնաժամային իրավիճակից համաշխարհային տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի ու դեռևս որոշ գերտերություններում չլուծված կառուցվածքային տնտեսական խնդիրների առկայության ականատեսն ենք»,- ասել է նախագահն ու շեշտել, որ Հայաստանն իր ազատական տնտեսությամբ չի կարող ամբողջովին անմասն մնալ համաշխարհային տնտեսությունում ընթացող գործընթացներից և խոսել Հայաստանի տնտեսության մասին առանց հաշվի առնելու ներկայիս գլոբալ տնտեսության իրականությունը ճիշտ չէ:

«Այս տարի մենք վկան ենք մեր տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ում տնտեսական իրավիճակի վատթարացման, որը բնորոշվեց տնտեսական ակտիվության կրճատմանը զուգահեռ գնաճի արագացմամբ մինչև 8,8%, կապիտալի մոտ $90 մլրդ արտահոսքի և ՌԴ ռուբլու ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի քան 40% արժեզրկմամբ: ԱՄՆ դոլարը գլոբալ տնտեսությունում ամրացնում է իր դիրքերն աշխարհի այլ արժույթների նկատմամբ: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ԱՄՆ դոլարը եվրոյի նկատմամբ արժևորվել է 10,2%-ով, շվեյցարական ֆրանկի նկատմամբ՝ 8,6%-ով, բրիտանական ֆունտի նկատմամբ՝ 4,3%-ով, ճապոնական իենի նկատմամբ 15,1%-ով, վրացական լարիի նկատմամբ՝ 8,9%-ով: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ Վրաստանի օրինակը շատ պատկերավոր ձևով հերքում է բոլոր այն մարդկանց ասած վարկածները, ըստ որի՝ Հայաստանում դրամի արժեզրկման հիմնական պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է:Իսկ այդ դեպքում, Վրաստանում ինչու՞ է լարին արժեզրկվում. Վրաստանը ստորագրել է Ազատ առևտրի մասին պայմանագիր: Իսկ ինչու՞ մնացած երկրներում էլ են ազգային արժույթներն արժեզրկվում»,- հարցրել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հավելել է, որ Եվրամիության տնտեսությունում նախորդ երկու տարիների -0,7 և -0,4 տոկոս անկումներից հետո այս տարի էական վերականգնում չի ակնկալվում:

«Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող շարժվել հոսանքին հակառակ, և այն, ինչ տեղի է ունենում գլոբալ տնտեսությունում, իր արձագանքը պետք է գտնի նաև մեր երկրում և մեր տնտեսական ցուցանիշներում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն ու կենտրոնական բանկը պետք է ավելացնեն ջանքերը արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները մեր տնտեսության վրա մեղմելու և անհրաժեշտ ճշգրտումները սահուն իրականացնելու համար»,- շեշտել է Սարգսյանը:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Նոյեմբերի 1-ին դրամի փոխարժեքը 411,26 դոլար էր:

Ավելի վաղ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել` նշելով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները,նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:

Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակն իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: «Կենտրոնական բանկն այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտիփոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»,- նշվում է հայտարարության մեջ: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---