Միջազգային փորձագետ. Միանալով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն կամրապնդի տարածաշրջանային և միջազգային դիրքերը

Միջազգային փորձագետ. Միանալով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն կամրապնդի տարածաշրջանային և միջազգային դիրքերը

PanARMENIAN.Net - Առաջատար միջազգային փորձագիտական ընկերակցությունների տվյալներով, երկրների զարգացումը շուկայական տնտեսության ժամանակակից պայմաններում շաղկապված է միջպետական ինտեգրացիոն գործընթացների հետ՝ հիմնված փոխընդունելի պայմանների վրա:

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) պայմանավորված է երկրի ազգային շահերը պաշտպանելու ձգտումով: Հետխորհրդային երկրների միջև վստահելի գործընկերային հարաբերությունների ամրապնդումն առաջնահերթություններից մեկն է Երևանի համար»,-վստահ է Պետերսոնի անվան Միջազգային էկոնոմիկայի ինստիտուտի փորձագետ Անդերս Օսլունդը:

Ըստ նրա, տնտեսական միավորման շրջանակում Հայաստանը հուսալի ռազմական և ռազմավարական գործընկերներ կունենա, որոնք կարող են ընդհանուր շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ հզոր ռազմավարություն մշակել: Մինչդեռ Հայաստանում անդամակցությունը ԵՏՄ-ին դիտարկվում է որպես համաշխարհային առևտրատնտեսական տարածքում երկրի տնտեսական ներուժի ընդլայնում:

Ապրանքների ու ռեսուրսների ազատ տեղաշարժը միջպետական միավորման շրջանակում և միասնական մաքսային տարածքը վերացնում է այն խոչընդոտները, որոնք դժվարացնում են ազգային տնտեսության զարգացումը: Բացի այդ, Հայաստանի եզակի դիրքը Կովկասյան տարածաշրջանում առանձնահատուկ է դարձնում Երևանի դերը ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության համար:

«Հայաստանի համակողմանի գործակցությունը տնտեսական ընկերակցության գծով իր գործընկերների հետ նոր հեռանկարներ է բացում ազգային տնտեսության համար»,-վստահ է Օսլունդը:

Հայաստանի անդամակցությունը միավորմանը դրական գործոն է կոռուպցիայի մակարդակի ու ազգային էկոնոմիկայի մենաշնորհային ուղղվածության նվազման համար: Այս պայմաններում ապրանքաշրջանառության ընդլայնումն ու որպես հետևանք մրցակցության բարձրացումը բարենպաստ ազդեցություն կունենա ազգային գնագոյացման քաղաքականության վրա բնակչության առաջնային սպառման ապրանքների մեծամասնության համար:

Բացի այդ, խոշոր ենթակառուցվածքային նախագծերն էներգաապահովման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջպետական միավորման շրջանակում իրական են դառնում: Ըստ փորձագետների, նոր ատոմակայանի կառուցման հեռանկարային նախագիծը թույլ կտա Հայաստանին էներգետիկ անկախություն ստանալ և դառնալ տարածաշրջանում էներգառեսուրսների ամենամեծ մատակարարներից մեկը:

Այս ամենն ակնհայտ է դարձնում այն փաստը, որ Երևանի իրավահավասար մասնակցությունը ԵՏՄ-ին կամրապնդի Հայաստանի տարածաշրջանային և միջազգային դիրքերը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,- ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---