Իսրայելի նախագահը հրաժարվել է ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը

Իսրայելի նախագահը հրաժարվել է ստորագրել Հայոց ցեղասպանության մասին խնդրագիրը

PanARMENIAN.Net - Իր երկարատև քաղաքական կարիերայի ողջ ընթացքում Իսրայելի գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինը եղել է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման համոզված ու ակտիվ կողմնակիցը: Սակայն, 2014-ի սկզբին ընտրվելով նախագահի պաշտոնում, նա փոխեց իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Իսրայելի i24news պարբերականը, Ռիվլինը չստորագրեց այն փաստաթուղթը, որով կոչ էր արվում Իսրայելին ճանաչել հայերի հանդեպ իրագործված ոճրագործությունները, չնայած որ նա նախորդ տարիներին ստորագրել է նմանատիպ խնդրագրերը:

Տարիներ շարունակ Իսրայելը խուսափում է պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց՝ վախենալով Թուրքիայի զայրույթից, որը նրա մերձավոր դաշնակիցն էր իսլամական աշխարհում մինչև 2010 թվականը, երբ իսրայելյան հատուկջոկատայինները գրավեցին «Մավի Մարմարա» թուրքական նավը, որը ուղևորվում էր Գազայի հատված չնայած պաշտոնական Թել Ավիվի արգելքին:

Մինչդեռ 2013-ին Ռիվլինը, որն այն ժամանակ խորհրդարանական էր և ներկայացնում էր «Լիկուդ» կուսակցությունը, ելույթ ունենալով Քնեսեթում Հայոց ցեղասպանության 98-ամյակի կապակցությամբ, հայտարարեց, որ Թուրքիան միշտ եղել և լինելու է Իսրայելի դաշնակիցը, սակայն այդ հանգամանքը չի կարող արդարացնել այն փաստը, որ Քնեսեթը հրաժարվում է ճանաչել «այլ երկրի դժբախտությունը»: «Անհավանական է, որ Քնեսեթն անտեսում է այդ ողբերգությունը, որի պատմական հանգամանքները վաղուց են հայտնի»,-հայտարարել էր նա:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---