Ֆրանսիան $60 մլն փոխհատուցում կվճարի հրեաների բռնագաղթին մեղսակից լինելու համար

Ֆրանսիան $60 մլն փոխհատուցում կվճարի հրեաների բռնագաղթին մեղսակից լինելու համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիան 60 մլն դոլար կփոխանցի Հոլոքոսթի զոհերին և նրանց ընտանիքների անդամներին դրամական փոխհատուցման հիմնադրամին: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ պետական երկաթուղային SNCF ընկերությունը մասնակցել է Եվրոպայում հրեաների բռնագաղթին դեպի նացիստական մահվան ճամբարներ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, հայտնում է Lenta.ru-ն` Reuters-ին հղումով:

«Հիմա մեր նպատակն է մոտ 100 հազարական դոլար վճարել յուրաքանչյուրին, ով վերապրել է բռնագաղթից հետո»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մարդու իրավունքների դեսպան Պատրիցիանա Սպարասինոն:

Այժմ փոխհատուցման են հավակնում հարյուրավոր տուժածներ, սակայն արդյունքում նրանց թիվը կարող է մի քանի հազարի հասնել: SNCF-ի և ամերիկյան հիմնադրամի միջև համաձայնագիրը կկնքվի դեկտեմբերի 8-ին: Դեսպանը հստակեցրել է, որ գումարը կվճարվի բոլոր երկրների քաղաքացիներին, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Բելգիայի ու Չեխիայի, քանի որ վերջիններս արդեն երկկողմ համաձայնագրեր են կնքել Ֆրանսիայի հետ այդ հարցի վերաբերյալ:

1995 թվականին նախագահ Ժակ Շիրակն առաջին անգամ պաշտոնապես խոստովանեց, որ Ֆրանսիան մեղսակից է բռնագաղթին: Ֆրանսիայի Գերագույն դատարանը միայն 2009-ին ընդունեց այդ դիրքորոշումը: SNCF ընկերությունն ընդունել է իր մեղքը վերապահումով, որ «նացիստական մահվան մեքենայի լոկ մի պտուտակն է եղել» և ստիպված էր ենթարկվել գերմանացի օկուպանտների հրամաններին: Փոխհատուցումների հիմնադրամին զգալի գումար փոխանցելու որոշումն ընկերությունը ճնշման տակ է ընդունել. ԱՄՆ մի քանի նահանգներ սպառնում էին հեռացնել ընկերությանը գլոբալ նախագծերին մասնակցելուց:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայում ձերբակալվել և երկաթուղիով տարբեր համակենտրոնացման ճամբարներ է ուղարկվել մոտ 76 հազար հրեա: Տուժած ընտանիքների փաստաբաններն ապացույցներ գտան, որ SNCF ընկերությունը յուրաքանչյուր տեղափոխված բռնավորի համար ստացել է երրորդ կարգի ուղևորի տոմսին համարժեք գումար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---