28 հունիսի 2006 - 15:17 AMT
Հայաստանի եւ Բուլղարիայի տնտեսական կապերի հիմնական խնդիրն ուղղակի տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է
Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ չկան քաղաքական խնդիրներ եւ դա լավ խթան է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այդ մասին Երեւանում PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Բուլղարիայի վարչական կառավարման եւ վարչական բարեփոխումների նախարար Նիկոլայ Վասիլեվը: Նրա խոսքերով, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողվի երրորդ նիստի ընթացքում ստորագրվել է 2 համաձայնագիր. գյուղատնտեսության եւ ճարտարապետության ու շինարարության ոլորտներում: «Ցավոք, առեւտրատնտեսական կապերի մակարդակը դեռեւս բավարար չէ: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը շատ փոքր է: Գլխավոր խնդիրը Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ուղղակի տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է: Ծովային ճանապարհը` Սեւ ծովով, երկար է եւ թանկ` բեռները պետք է հասցվեն Բաթում եւ այնտեղից արդեն ուղղվեն բուլղարական նավահանգիստներ: Չկա նաեւ ուղղակի օդային հաղորդակցություն»,-ասել է Վասիլեվը: Նա նաեւ նկատել է, որ Երեւան-Սոֆիա ավիաչվերթի բացումը տնտեսապես աննպատահարմար է: «Բուլղարական ավիաընկերությունները շատ թույլ են, վնասով աշխատող չվերթներում ներդրում անելու համար: Երկու երկրներին առավել դյուրին եւ շահավետ է արտահանել իրենց ապրանքներն այլ երկրներ»,-ընդգծել է նա:
Նշենք, որ հայ-բուլղարական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողվը գործում է արդեն 3 տարի: Հայկական կողմից հանձնաժողովը գլխավորում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: