Նալբանդյան. Ադրբեջանը հրաժարվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկներից

Նալբանդյան. Ադրբեջանը հրաժարվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկներից

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանից հետո Բազելում (Շվեյցարիա) լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել՝ նշելով, որ յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

«Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են՝ բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանն այլընտրանք չկա.

«Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»:

Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծել են, որ այս տարի 1994-ի մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն:

«Հայաստանը և Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994-ի համաձայնությունը, ինչպես նաև 1995-ի փետրվարի հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագիրը, որը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև էր ստորագրված։ Ադրբեջանն է, որ միշտ խախտում է, չի հարգում դրանք»,- շեշտել է նախարարը:

Նա հավելել է՝ սա ևս մեկ առիթ էր եռանախագահների համար` ընդգծելու դրա կարևորությունը, որովհետև այս տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե՛ շփման գծում, թե՛ Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի լուրջ սրմանը.

«Այդ մասին են խոսում եռանախագահները՝ հիշատակելով հատկապես հուլիս-օգոստոս ամիսների գործողությունները, որոնք ծավալվել էին ադրբեջանցիների կողմից։ Նրանք հղում են կատարում Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ ամրագրված է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ գործակցաբար անհապաղ փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել մահացած անձանց դիակները»:

Նախարարը նաև ասել է, թե Ադրբեջանն առաջին հերթին այս հարցի շուրջ հրաժարվել է գործակցել թե՛ համանախագահների, թե՛ Կարմիր խաչի հետ՝ առաջ քաշելով ինչ-ինչ նախապայմաններ։

«Երկրորդ. ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել, երբ Ադրբեջանը, ուղղաթիռի խոցումից հետո, որը եռանախագահները ողբերգական են անվանում, տասն օրվա ընթացքում ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ փրկարար խմբերը, ԵԱՀԿ, Կարմիր խաչի ներկայացուցիչները, մոտենան և տարհանեն զոհված երեք երիտասարդների դիակները: Պարզ է, որ մարդասիրության որևէ նշույլ այստեղ չկա։

Եռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում. ասում են, որ կարելի էր խուսափել այդ ողբերգությունից, այսինքն՝ իրենք ուզում են ասել, որ պետք չէր դա անել, որ դա սխալ էր։

Դուք գիտեք, որ նախորդ հայտարարությունից հետո Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց եռանախագահների դեմ։ Չնայած նրանց կողմից նորից բավականին դիվանագիտական լեզվով էր ասվում, գնահատականն էր տրվում ուղղաթիռի խոցմանը։

Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լեզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է, նաև, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը` ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա»:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է նաև անընդհատ շրջանառվող վստահության միջոցների անհրաժեշտությանը:

«Կողմերին ներկայացված են կոնկրետ առաջարկներ՝ վստահության միջոցների վերաբերյալ։ Դա մի փաթեթ է, որը բազմիցս ներկայացվել է եռանախագահների կողմից:

Փարիզում Ադրբեջանը չցանկացավ անգամ քննարկել վերոհիշյալ վստահության ամրապնդման միջոցները: Իրենց պատճառաբանությունը այն է, որ վստահության ամրապնդման միջոցների մասին կարող ենք խոսել, երբ լինի առաջընթաց, երբ գանք հիմնախնդրի կարգավորմանը: Դա շատ անտրամաբանական մոտեցում է, քանզի եթե գանք հիմնախնդրի կարգավորմանը, ապա վստահության միջոցների այս աստիճանի անհրաժեշտություն չի լինի։ Հենց դրա մասին են եռանախագահները խոսում իրենց վերջին հայտարարության մեջ՝ հետագա միջադեպերից խուսափելու և բանակցությունները առաջ մղելու նպատակով առավել նպաստավոր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դա նաև թույլ չէր տա իրավիճակի վատթարացումը, սրումը, որը տեղի ունեցավ հատկապես վերջին շրջանում:

Անդրադառնալով փարիզյան հանդիպմանը, Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում առաջարկվել էր համատեղ հայտարարություն ընդունել և առաջարկվեց դրա մեջ ներառել երեք հայտնի սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն.

«Ադրբեջանը դեմ դուրս եկավ համատեղ հայտարարության մեջ այդ սկզբունքների հիշատակմանը։ Դա էր պատճառը, որ միասնական հայտարարություն չեղավ»:

ՀՀ ԱԳ ղեկավարը հիշեցրել է, որ դեռ 2009-ին Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում, արտգործնախարարների մակարդակով ընդունվել է հնգակողմ հայտարարություն` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների կողմից, որտեղ հենց այդ երեք սկզբունքները շատ հստակ ձևով հիշատակված են: Իսկ հիմա Ադրբեջանը, փաստորեն, հետքայլ է անում.

«Ես երեկ իմ ելույթի մեջ էլ նշեցի, որ Ադրբեջանը, փաստորեն, հրաժարվել է հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկներից՝ լինի դա Կազանի վերջին գագաթաժողովի ժամանակ, կամ Կազանից առաջ Սոչիի, Սոչիից առաջ Աստրախանի, Աստրախանից առաջ Սանկտ Պետերբուրգի։

Պայմանավորվում են ինչ-որ մի բանի շուրջ, հաջորդ օրը, կամ ամենաշատը մի քանի օր անց, ադրբեջանցիները հետքայլ են անում: Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որը, փաստորեն, որևէ վստահության նշույլ չի թողնում այս բանակցությունների ժամանակ։ Եթե կողմերը ինչ-որ պայմանավորվածության են գալիս, և նրանցից մեկը ամեն անգամ հետքայլ է անում, ինչպե՞ս կարելի է վստահել, հավատալ, որ բանակցում ես լուրջ մարդկանց հետ, որ հաջորդ անգամ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո դրանք հարգվելու են»:

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ նշել է, որ բանակցություններին այլընտրանք չկա. դա է մեր սկզբունքային դիրքորոշումը.

«Այս բավական բարդ իրավիճակը, որ ստեղծվել է ուղղաթիռի խոցման և Ադրբեջանի կողմից սադրանքների հետևանքով, լրացուցիչ քայլեր է պահանջում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու բանակցություններն առաջ տանելու նպատակով։ Ադրբեջանն իր սադրիչ հայտարարություններով, իր գործողություններով, չի նպաստում այդպիսի պայմանների ստեղծմանը, տրամագծորեն հակառակն է անում: Այս շրջանում առաջին հերթին ջանքերը պետք է ուղղվեն բանակցությունների համար համապատասխան, գոնե մինիմալ պայմանների ապահովմանը»:

Հայաստանի արտգորնախարարը նաև նշել է, որ պետք է արագացնել համաձայնության ձեռք բերումը հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը հնարավորություն կտա սկսել համապարփակ խաղաղության պայմանագիր:

«Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը»,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարդացեք նաև՝ Նալբանդյան. Ադրբեջանն իրական սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև՝ միջազգային կայունությանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---