6 դեկտեմբերի 2014 - 20:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հյուսիսային պողոտայում տոնական տրամադրություն է. Ամանորյա տոնավաճառը բացվել է

Թմբուկներ, տոնածառ, լույսեր, երգ, պար և երեխաներ: Հյուսիսայի պողոտայում արդեն Ամանորի շունչ է զգացվում: Այսօր՝ դեկտեմբեր 6-ին, այնտեղ պաշտոնապես բացվեց արդեն ավանդական դարձած Ամանորյա տոնավաճառը: Մոտ 30 միանմանտնակում մինչև հունվարի 6-ն ամեն օր՝ ժամը 13:00-ից՝ 22:00-ն, կարելի է գտնել Ամանորի ու Սուրբ Ծննդի խորհրդանիշեր, տոնածառի համար ու ոչ միայն նախատեսված զարդարանք, հուշանվերներ, քաղցրավենիք, մասնավորապես՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարատեսակ չրեր, տաք գինի, և դա էլ դեռ ամենը չէ:

Տոնավաճառի այցելուները չեն սառչի ու քաղցած չեն մնա՝ տարբեր տաղավարներում ներկայացված են թե տաք ըմպելիքներ, թե տարատեսակ խմորեղեն և այլ ուտեստներ:Ցանկացողները նաև բացիկներ, գրքեր, ամսագրեր ու գրենական պիտույքներ կարող են գտնել:

Տոնավաճառը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության աջակցությամբ: Լիբանանահայ Պիեր Բաղդադյանի գլխավոր մտահղացումն էր ուրախացնել մարդկանց Ամանորի շեմին, ինչի համար էլ արդեն 3-րդ անգամ է նման տոնավաճառ նախաձեռնում ու նշում՝ տաղավարների քանակը տարեցտարի ավելանալու է:

Իսկ կարմիր ժապավենը կտրելու հնարավորությունն այս տարի ընձեռվեց օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին և քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային վարչության պետ Արմեն Հարությունյանին: Մարզիկն իր հերթին նշեց, որ շատ ոգևորված է շուրջը տիրող տոնական տրամադրությամբ:

Այս օրերին տոնավաճառի տարածքում ամանորյա երաժշտություն է հնչելու, իսկ շաբաթ օրերին ծրագրով համերգներ, տարբեր միջոցառումներ և վիկտորինաներ են նախատեսված:

ՖՈՏՈՇԱՐՔ