8 դեկտեմբերի 2014 - 11:52 AMT
ՌԴ-ում աշխատող հայերի գործը հեշտանում է. Հունվարի 1-ից լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի

ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` անդրադառնալով 2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրին: Նա նշել է, որ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր, գրում է Tert.am-ը:

Բացի բյուրոկրատական քաշքշուկները, կարևոր խնդիր է նաև պետտուրքեր վճարելու պահանջի վերացումը, ինչի հետևանքով ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարի հաշվարկով՝ մոտ 15-20 միլիոն ԱՄՆ դոլար կմնա ՀՀ աշխատանքային միգրանտների գրպանում:

«Եթե մարդը գնում է ուսուցման համար, ուսուցման հիմքով պետք է Ռուսաստանում կամ Ղազախստանում մնա, անշուշտ, այս մասին հավաստող փաստաթուղթ է պետք, եթե մարդը ուզում է գնալ աշխատելու, միայն աշխատանքի պայմանագիրը բավարար է, այլևս պետք չէ աշխատելու համար լրացուցիչ համաձայնություն, թույլատվություն ձեռք բերել»,- ասել է Եգանյանը:

Գործող կարգի համաձայն, որը կվերանա 2015-ի հունվարի 1-ից, որպեսզի ՀՀ քաղաքացին 180 օր և ավելի մնա և աշխատի Ռուսաստանում, պետք է դիմի ՌԴ-ին՝ սահմանված կարգով աշխատանքի թույլատվություն կամ պատենտ ստանալու համար: Կան այլ տարբերակված մոտեցումներ ու պահանջներ բարձր որակավորում ունեցող մասնագետների ու այլ անձանց համար, բայց շարքային միջին վիճակագրական հայաստանցու համար հիմնականում այս տարբերակն է նախատեսված:

Աշխատանքի թույլատվությունը տրվում է իրավաբանական անձանց, պատենտը՝ ֆիզիկական անձանց մոտ աշխատելու համար, և պատենտի տևողությունը մինչև 3 ամիս է, աշխատանքի թույլատվությանը՝ 1 տարի, որը կարող է վերաթարմացվել՝ երկարաձգվել: Ըստ որում, թույլատվությունը կամ պատենտը ստանալու համար սահմանված կարգով մի շարք աշխատանքային փաստաթղթեր պետք է ներկայացվեն, վճարվի պետական տուրք, իսկ պատասխանն էլ կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական:

ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարը նշել է, որ հունվարի 1-ից հետո ո՛չ սպասելու խնդիր է լինելու, ո՛չ փաստաթղթեր ներկայացնելու, ո՛չ էլ պետական տուրք վճարելու:

Գագիկ Եգանյանի տվյալով, այս տարի միայն 250.000 անձ դիմել է Ռուսաստանում աշխատանքի պատենտ ու թույլատվություն ստանալու, և եթե 2015-ին մնա նույն թիվը, միայն պետական տուրք չվճարելու հետևանքով կարձանագրվի մինչև 15-20 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսում:

Համաձայն 2013-ի դեկտեմբերի 28-ին ուժի մեջ մտած թիվ 389-ԴՕ դաշնային օրենքի, փոփոխություններ էին կատարվել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» օրենքի 27-րդ հոդվածում և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածում, ըստ որոնց՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ուկրաինա և այլն, այդ թվում` Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները 2014 թվականի հունվարի 1-ից կարող էին ՌԴ տարածքում մնալ 90 (3 ամիս) օր` յուրաքանչյուր 180 օրվա (6 ամիս) ընթացքում:

Սահմանված 90/180 օրը խախտելու դեպքում, համաձայն 1996թ-ի օգոստոսի 15-ի թիվ 114-ԴՕ «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ, ով անգամ մեկ օր կամ մեկ ժամ խախտում է դաշնային օրենքով սահմանված ժամկետը, կիրառվում է ՌԴ տարածք մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով:

Նոր օրենքի գործողության մտնելու հետևանքով, Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ հենց այս 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք:

«Եվ այս 180 օրերը, որ կար, իրենց վրա այլևս չի ազդում: Իրենք ցանկացած պահի, ցանկացած տևողության ժամկետով կարող են վերադառնալ Հայաստան ու նորից մեկնել, իհարկե, աշխատանքի տևողության շրջանում»,- ավելացրել է նա:

Այսուհանդերձ, բոլոր այս դրական փոփոխությունները չեն ազդի անկանոն միգրանտների վրա, ովքեր դե ֆակտո ՌԴ-ում աշխատելով, աշխատանքային պայմանագիր չեն ունենա: Վերանորոգման աշխատանքների համար մեկնող հայ վարպետներից շատերի հետ նման պայմանագրեր չեն կնքվում: Մինչդեռ ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարն ասում է, որ չկա աշխարհում որևէ երկիր՝ եվրոպական, ԱՄՆ, թե Ռուսաստան, թեկուզ ֆիզիկական անձի մոտ աշխատելիս մարդը չունենա աշխատանքային պայմանագիր և դրա համար պատասխանատվություն չկրի: Ըստ Գագիկ Եգանյանի,նման խնդիր կարող է ծագել նաև Հայաստանում՝ որպես թաքնված զբաղվածություն: Ամփոփելով՝ նա նշել է, որ այսուհետ ևս առանց աշխատանքային պայմանագրի ՀՀ քաղաքացին ՌԴ-ում կարող է մնալ նախկինի նման 90 օր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման արդյունքում այդ երկիր մուտքի արգելանք ունեցող 30.000 հային, Գագիկ Եգանյանը հիշեցրել է, որ ՌԴ կառավարությունը այս հարցում Հայաստանի նկատմամբ բարի կամք է դրսևորել՝ շնորհիվ ՀՀ վարչապետի և Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավարի հանդիպման և պայմանավորվածության՝ արգելանքի որոշումները մեկ անգամ ևս վերանայելու մասին:

Կարդացեք նաև`ՀՀ-ի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացվել է. Մնում է նախագահը ստորագրի