Հացը թանկացել է. Պատճառը դարձյալ դրամի արժեզրկումն է

Հացը թանկացել է. Պատճառը դարձյալ դրամի արժեզրկումն է

PanARMENIAN.Net - Երևանի խանութներում մեկ գիշերվա ընթացքում հացն ու հացամթերք թանկացել են` 1 կգ-ը` 10 դրամով: Պատճառը, ըստ վաճառողների, ալյուրի գնի բարձրացումն է:

Միջազգային շուկայում ալյուրի և ցորենի գնի վերջին բարձրացունը գրանցվել էր այս տարվա փետրվար-մարտ ամիսներին` կապված ուկրաինական ճգնաժամի հետ, իսկ ներկայիս թանկացումն արդեն ոչ թե միջազգային շուկայի, այլ դարձյալ դրամի արժեզրկման հետևանք է, գրում է «Փաստինֆո»-ն:

Ռուսաստանյան շուկայում ալյուրը թանկացել էր դեռևս 10 օր առաջ: Նոյեմբերի վերջին ՌԴ գյուղնախարարությունն արձանագրել էր ցորենի և ալյուրի գնի աճ` դա մեկնաբանելով ռուբլու դիրքերի թուլացմամբ ու ռուսաստանյան արտադրողների բացասական սպասումներով: Սակայն հատկանշական է, որՌԴ-ում ալյուրի 2%-անոց թանկացմանը հայաստանյան հացամթերքի շուկան արձագանքել է 5.8%-անոց թանկացմամբ:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում երևանյան խանութներից մեկի աշխատողը նշեց, որ դեռևս թանկացել է հացամթերքի մի մասը, իսկ մյուսների առաքիչները միայն զգուշացրել են, որ վաղվանից թանկացումը կլինի համատարած:

Հայաստանյան բանկերի կողմից 1 ԱՄՆ դոլարը դեկտեմբերի 8-ի դրությամբ գնվում է նվազագույնը 445, առավելագույնը՝ 450 դրամով: Rate.am –ի տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառում են նվազագույնը 453, առավելագույնը 465 ՀՀ դրամով: Դոլարի առքի միջին փոխարժեքը 448,67 դրամ է, վաճառքինը՝ 459,90: Դեկտեմբեր 7-ի համեմատ դոլարն աճել է 0,44 կետով առքի, և 0,26 կետով վաճառի դեպքում:

Ավելի ուշ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

ՀՀֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դրամատունն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ ունենհալով նվազեցնելու ԿԲ ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանում նկատվող թանկացումները մտահոգում են իշխանություններին:

«Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Եթե իշխանություններին չմտահոգեր, մենք չէինք լինի այստեղ: Ամենաշատն իշխանությանն է մտահոգում, որովհետև իշխանության իմիջի խնդիր է, որ ժողովուրդը լավ ապրի»,- ասել է Սահակյանը:

ԱԺ նախագահը վստահեցրել է, որ դրամի արժեզրկման պատճառները շատ տարբեր կարող են լինել` չնայած նրան, որ փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում.«Համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ տրադիցիոն այդպես է կարծես թե եղել, Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»,- ասել է նա:Ըստ Սահակյանի` թանկացումներն ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ. «Զսպման մեխանիզմներ կկիրառվեն: Թե ինչ կլինի, կերևա դեկտեմբերի 15-ից հետո»:

Վերջին օրերին Հայաստանում նկատվում է կաթնամթերքի թանկացում: Խանութներում հնդկաձավարը (գրեչկա) մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---