Դարտմուտի կոնֆերանսի աշխատանքներին անհրաժեշտ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությունը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունների գծով Դարտմուտի կոնֆերանսի ամերիկա-ռուսական աշխատանքային խմբի շրջանակներում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակության ներկայացուցիչների բանակցությունների 11-րդ փուլը պետք է կայանա ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Գ.Սարգսյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցության անհրաժեշտությունը քննարկվել է բանակցությունների 10-րդ փուլում, որը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 18-20 մերձմոսկովյան Սնեգիրի քաղաքում: «Համանախագահներին ուղղված հրավերներն արդեն պատրաստ են: Մենք գտնում ենք, որ առանց նրանց հանդիպելն արդեն աննպատակահարմար է: Եթե ՄԽ համանախագահները ցանկանում են հիմնվել այն առաջարկների վրա, որոնք մշակել է Ղարաբաղի հարցի վերաբերյալ Դարտմուտի կոնֆերանսը, ապա ժամանակն է համատեղ քննարկել եղած առաջարկները>,-ասել է Արամ Սարգսյանը: Հայկական պատվիրակության անդամը նշել է նաեւ, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է վերանայել Տարածաշրջանում խաղաղ գործընթացի մասին շրջանակային համաձայնագիրը, որն ընդունվել էր 2005 թ.` 9-րդ փուլում: «Սակայն հայկական կողմը կտրականապես դեմ է եղել արդեն համաձայնեցված եւ ընդունված փաստաթղթի վերանայմանը; Բացի այդ, բանակցությունների ընթացքում բարձրացվել է փախստականների հարցը: Հայկական կողմը հայտարարել է բանակցությունների ընթացքում Ադրբեջանից հայ փախստականների հարցը լուծելու անհրաժեշտության մասին»,-ընդգծել է Սարգսյանը, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը:

Նշենք, որ Դարտմուտի կոնֆերանսը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միակ ձեւաչափն է, որին մասնակցում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրության պատվիրակությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---