Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման. Նրանից կբռնագանձվի մոտ 296 մլն դրամ

Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման. Նրանից կբռնագանձվի մոտ 296 մլն դրամ

PanARMENIAN.Net - Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, դեկտեմբերի 8-ին հրապարակվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատավճիռը:

Վազգեն Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով և պատիժների համակցությամբ դատապարտվել 12 տարվա ազատազրկմա: Խաչիկյանից հօգուտ պետության կբռնագանձվի 296.115.252 ՀՀ դրամ, հաղորդում է Pastinfo.am-ը:

Ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3 մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 5,5-ական տարի ժամկետով ազատազրկման:

Ամբաստանյալներ Սամվել Էլբակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4,5-ական տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ դատարանը սահմանել է 1-ական տարի ժամկետով փորձաշրջան, իսկ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին վերացվել է:

Արթուր Սուքիասյանը ևս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Սարգիս Սարգսյանը, Համլետ Մարտիրոսյանը, Հրանուշ Դանիելյանը, Բագրատ Մուրադյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4-ական տարվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է 1-ական տարի ժամկետով փորձաշրջան:

Իսկ Արմեն Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել 4 տարվա ազատազրկման, սակայն նրա պատժից դուրս է եկել կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը և դատապարտվել է 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Դատախազը ներկայացրել էր քաղհայց՝ Վ.Խաչիկյանից և մյուսներից հօգուտ պետական բյուջեի՝ 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջով: Դատադատախազի ներկայացրած քաղհացը դատարանը բավարարել է մասնակի:

Ամբաստանյալների կողմից որպես վնասի փոխհատուցում վճարված գումարները կփոխանցվի պետական բյուջե, իսկ որպես դատական ծախսեր՝ նրանցից կբռնագանձվի 1մլն 20 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010-ի դեկտեմբերին ազատվել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնից Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո: ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: 2 տարի անց` 2012-ի սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Միևնույն ժամանակ ձերբակալվել էին նաև Աշոտ Աբրահամյանն ու Հովհաննես Գրիգորյանը:

2013-ի փետրվարի 8-ին պարզվեց, որ նախաքննության արդյունքում կազմվել է մեղադրական եզրակացություն:

2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությանը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր կողմից ղեկավարված ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Նախաքննության տվյալներով` կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանք անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի` առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 260.956.681 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ` պարզվել է նաև, որ Վ.Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Առանձնապես խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարների հափշտակություն կատարելու դիտավորությամբ Վ. Խաչիկյանը 2006-ի սկզբներին ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Ա.Աբրահամյանին, տեղեկատվական և վերլուծական վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանին, Երևան քաղաքի վճարային ծառայության պետ Հ.Գրիգորյանին և վճարային ծառայության վճարային խմբի տեսուչ-վճարող Վ.Գևորգյանին: Խմբի` վերը նշված անդամները Վ. Խաչիկյանի կազմակերպմամբ նախապես մանրակրկիտ պայմանավորվել են ծրագրավորված հանցագործության կատարման հանգամանքների վերաբերյալ, կատարվել է խմբի անդամների դերաբաշխում:

Առանձին դրվագներով խմբի կազմում ընդգրկվել են նաև «Արաբկիրի» տարածքային բաժնի պետ Հ.Հովհաննիսյանը, «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետ Ա.Մարտիրոսյանը, «Էրեբունի և Նուբարաշենի» տարածքային բաժնի պետ Ս.Սարգսյանը և «Շենգավիթի» տարածքային բաժնի պետ Ս.Էլբակյանը, բաժնի պետի տեղակալներ Ա.Սուքիասյանը, Հ.Մարտիրոսյանը, օպերատոր Հ.Դանիելյանը, Վ.Խաչատրյանի հարազատներ Ա.Խաչատրյանը և Բ.Մուրադյանը, ովքեր ունեցել են հափշտակության դիտավորությամբ տևական ժամանակով կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների տվյալները ճշտելու, վճարման հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթերում` դիմումներում և վճարային ցուցակներում, կեղծ տեղեկություններ մտցնելու և ստորագրություններ կեղծելու իրենց դերակատարումները, ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---