Դեկտեմբերի 23-ին Ղրղզստանը մտադիր է ստորագրել ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը

Դեկտեմբերի 23-ին Ղրղզստանը մտադիր է ստորագրել ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ղրղզստանը մտադիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին պայմանագիրը և կառավարությունն աշխատում է պայմանագրի դրույթների վրա, ելնելով երկրի շահերից:

Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը վարել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության գծով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: «Ռուսաստանը սատարում է Ղրղզստանի անդամակցությանը: Մենք եզրափակիչ փուլում ենք գտնվում, և անհրաժեշտ է լուծել իրավական բնույթի բոլոր հարցերը՝ բացառելու համար իրավաբանական անճշտությունները պայմանագրի ստորագրման հարցում»,-ասել է նա:

«Պայմանագրի բոլոր հարցերը պետք է լուծվեն հաշվի առնելով երկրի շահերը, ուստի, պահանջվում է մանրակրկիտ կերպով քննել ամեն մի կետը»,-ասել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Մենք պետք է ընդունենք պայմանագրի հանրապետության համար ընդունելի տարբերակն ու առաջ տանենք մեր ազգային շահը»,-ասել է Օտորբաևը:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները, որոնց մասնակցությամբ մշակվել է պայմանագիրը, քննելով նախագիծը, իրենց ճշգրտումներն անեն, և հիմա Ղրղզստանը պետք է որոշի, թե որքանով են ներմուծված փոփոխությունները համապատասխանում երկրի ազգային շահերին:

Կառավարության մամուլի ծառայությունում հայտնեցին, որ նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց համաձայնեցնել պայմանագրի նախագծի միջանկյալ տարբերակը և շարունակել բանակցային գործընթացը՝ առաջ տանելով երկրի շահը, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների խորհուրդները:

Իր հերթին, Ղրղզստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՏՄ-ին անդամակցելիս Ղրղզստանի իրավական բազան ներդաշնակեցնելու համար անհրաժեշտ օրենքների փաթեթը: Հերթական երկրորդ և երրորդ ընթերցումները պետք է տեղի ունենան ընթացիկ և հաջորդ շաբաթվա մեջ, որպեսզի Ղրղզստանը հասցնի դեկտեմբերի 23-ին ստորագրել պայմանագիրն ու միանալ հաջորդ տարվա սկզբից Եվրասիական տնտեսական միությանը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---