ԿԲ նախագահը դրամի փոխարժեքի տատանման մասին. Այդ վիճակը չի կարող երկար տևել

ԿԲ նախագահը դրամի փոխարժեքի տատանման մասին. Այդ վիճակը չի կարող երկար տևել

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում դրամի փոխարժեքի արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումներով: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` նշելով, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացած երկրներում արժույթի արժեզրկում է գրանցվել:

ԱՄՆ տնտեսության աճի վերկանգնմանը զուգահեռ, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը դադարեցրել է քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ դոլարի իրացվելիություն էր ներերկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով: Վերջինս նպաստել է ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման, սպասումների ձևավորմանը և հոսքերը զարգացող երկրներից ուղղվել են դեպի ԱՄՆ, գրում է Panorama.am-ը:

«Արդյունքում` հիմնական զարգացող երկրները գրանցեցին տնտեսական աճի դանդաղում և արժույթների արժեզրկում»,- ասել է Ջավադյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին, ապա, ըստ ԿԲ նախագահի, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ:

«Այս երկու գործոնը բերել են ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատմանը և ռուբլու փոխարժեքի արժեզրմանը: Այս ամենն ավելացրել է ճնշումներն ԱՊՀ տարածաշրջանի երկրներում` արտահանման և դրամական փոխանցումների տեսքով դոլարի ներհոսքի կրճատման միջոցով»,- ընդգծել է ԿԲ նախագահը:

Արդյունքում, ըստ նրա, արտաքին ճնշումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Մասնավորապես, արտաքին ճնշումների ազդեցությունը նպաստել է ՀՀ-ում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։

«Կենտրոնական բանկն արդեն զգուշացրել է, որ նման գործողությունը մեծ ռիսկեր է պարունակում, որոնք ոչ մասնագետները չեն կարող ճշգրիտ գնահատել: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խուճապային վարքագիծը բերում է նրան, որ արժութային շուկայում մեծանում է գնման և վաճառքի փոխարժեքի տարբերությանը` հանգեցնելով զգալի կորուստների: Հետևաբար, նման տատանողական իրավիճակներում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի փոխարկումներից և սպասել իրավիճակի կայունացմանը»,- ասել է Ջավադյանը:

Դեկտեմբերի 2-ին գլխավոր դրամատունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ վերջին օրերի զարգացումները նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:Այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն կոչ էր արել զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում դրանք բարձր ռիսկերենկրում և ակնկալվող օգուտիփոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:

ԿԲ նախագահը միաժամանակ նշել է, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում:

Արթուր Ջավադյանն անդրադարձել է նաև դեկտեմբերի 8-ին ԿԲ-ի հայտարարությանը, համաձայն որի՝ մինչև ամսվա վերջ կենտրոնական դրամանուտը սակարկությունների միջոցով բանկերին արտարժույթ է վաճառելու, և առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական կվաճառվի 6 մլն ԱՄՆ դոլար, այնուհետև, պահանջարկի նվազման հետ, ծավալները կնվազեցվեն, գրում է Tert.am-ը:

Դեկտեմբերի 9-ին ԿԲ-ն ադրեն 6 մլն ԱՄՆ դոլարի վաճառք է իրականացրել 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

«Մենք սա չենք դիտարկում որպես շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է: ԿԲ-ն փոխարժեքի որևէ նպատակ չի հետապնդում իր այս գործողություններով: Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2014-ի վերջին և 2015-ի վերջին այն կլինի նպատակային թիրախի շրջանակում»,- ասել է նա՝ հավելելով, որ հաշվարկների համաձայն փոխարժեքի փոփոխությունը կբերի 1,2-ից՝ 2 տոկոս լրացուցիչ գնաճի:

Մինչ այդ, այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:Բորսայում արդեն 8-րդ օրն անընդմեջ դոլարով գործարք չի կատարվել:

Կարադացեք նաև՝Դրամի արժեզրկումը շարունակվում է. ԿԲ-ն $1-ի դիմաց սահմանել է 452,50 դրամ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---