9 դեկտեմբերի 2014 - 19:13 AMT
Գազը կարող է թանկանա՞լ. «Գազպրոմ Արմենիայում» չեն բացառում

«Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա: Այս մասին ասել է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

«Ճիշտ է, ընկերությունը փոխարժեքային վնասներ է կրում, սակայն դա դեռ հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողով»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Բանն այն է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեկբերի 9-ին գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀԾԿՀ՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով: Գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Ընկերությունն էլ Ռուսաստանից գազը գնում է դոլարով:

Շուշան Սարդարյանի խոսքով՝ այժմբնական գազի գործող սակագնի հիմքում ընդունված է 416,5 դրամը, և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այն:

«Մենք ևս հետևում ենք արժույթի շուկայում արձանագրված գործընթացներին, քանի որ ընկերությունը ևս իր ռիսկերը հաշվելու խնդիր ունի՝ կապված ներդրվող բնական գազի դիմաց կատարվող դոլարային վճարումների հետ»- ասել է նա:

Սարդարյանը նաև հիշեցրել է, որ պաշտոնական գնահատականներով փոխարժեքի տատանման ներկա գործընթացը տնտեսական իրավիճակի հետևանք չէ և կրում է ժամանակավոր բնույթ.«Մենք ևս հուսով ենք, որ դա շուտով կկարգավորվի»:

Սպառողների համար գազը թանկացել էր 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրել էր Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց:

Կարդացեք նաև՝ Հացը թանկացել է. Պատճառը դարձյալ դրամի արժեզրկումն է