Պետերբուրգի հայերը կոչ են անում ՌԴ-ին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել

Պետերբուրգի հայերը կոչ են անում ՌԴ-ին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել

PanARMENIAN.Net - «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը 2014 թ. դեկտեմբերի մեկին դիմում է ուղղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումային։ Այդ դիմումն առաջարկում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում,Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մտցնել հոդվածներ,որոնց պարունակությունն է քրեական և վարչական պատասխանատվության ենթարկել 1915-1922 թթ. վականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար։

Այդ մասին PanARMENIAN.Net –ին է հայտնել «Պետերբուրգի հայերի լրաբեր» պարբեականը:

1995 թվականի ապրիլի 14-ին ՌԴ Պետական դուման հայտարարություն ընդունեց՝ դատապարտելով 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին, ինչպես նաև ճանաչելով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարնն օրենք ընդունեց, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը։ Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Շվեյցարիայում մի քանի մարդ արդեն պատժվել է այդ օրենքով: Մասնավորապես, 2007-ի մարտին շվեյցարական դատարանը մեղավոր ճանաչեց Թուրքական աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկին Հայոց ցեղասպանությունը ժխտող արտահայտության համար և դատապարտեց 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի:

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում, որից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկեց ՄԻԵԴ վճիռը:

Հունիսի 3-ին 5 դատավորներից բաղկացած դատարանը քննեց շվեյցարական կառավարության բողոքը Փերինչեկի գործով՝ որոշում կայացնելով վերանայել որոշումը: Գործը փոխանցվել է ՄԻԵԴ Գերագույն պալատի քննությանը:

20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---