29 հունիսի 2006 - 14:35 AMT
Մ.Բրայզայի հայտարարությունը ԵԱՀԿ ՄԽ կողմից բանակցությունների ներկա փուլի ընդհանուր գնահատականն է
«Արդեն երրորդ օրն է, ինչ Բաքվի եւ Երեւանի միջեւ պաշտոնական մակարդակով թեժ բանավեճ է ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Դրա առիթ հանդիսացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը: Հարցազրույցը տեղի է ունեցել Վիեննայում հունիսի 22-ին` ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ՄԽ համանախագահների Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցային գործընթացի վերաբերյալ զեկույցից հետո: Ամերիկացի դիվանագետը առաջին անգամ բացահայտեց ՄԽ կողմից հակամարտության կողմերին առաջարկված շրջանակային պայամանագրի որոշ մանրամասներ»,-գրում է Ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ըստ Մեթյու Բրայզայի այժմ Բաքուն եւ Երեւանը «քննարկում են համաձայնագրի կետերը, որոնց համաձայն հայկական զինված կազմակվորումները պետք է ազատեն Ադրբեջանի տարածքները»: Այս փաստաթղթում, մասնավորապես, իրենց արտացոլումն են գտել հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայմանը եւ Ղարաբաղին միջազգային տնտեսական օգնությանը վերաբերող հարցեր: Վերջին փուլում ենթադրվում է հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, նրա ամերիկացի գործընկերոջ հայտարարությունը համաձայնեցվել է մյուս համանախագահների հետ եւ հանդիսանում է բանակցությունների ներկա փուլի ընդհանուր գնահատականը:

Առաջինը Մեթյու Բրայզայի հարցազրույցին արձագանքեց Երեւանը: Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հակամարտության կարգավորման սկզբունքները «մասնակի» են բացահայտվել, շրջանակներից դուրս են մնացել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի եւ մինչ հանրաքվեի անցկացումը նրա միջանկյալ կարգավիճակի մասին: Երեւանն ընդգծում է, որ «ՄԽ համանախագահները առաջին անգամ են ֆիքսում, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով»: Բանակցային գործընթացում տեղ գտած տարաձայնությունները հանրաքվեին չեն վերաբերում` այդ հարցը նախագահների միջեւ արդեն համաձայնեցված է: «Տարաձայնությունները վերաբերվում են ռազմական հակամարտության հետեւանքների վերացման հերթականությանը»,-հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն: Երեւանը համարում է, որ ՄԽ առաջարկած սկզբունքները «լուրջ հիմք են հանդիսանում Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար» եւ հաստատում է դրանք շարունակելու իր պատրաստակամությունը:

Բաքվի պատասխանը չուշացավ: Ադրբեջանի ԱԳՆ-ն Երեւանի հայտարարությունն անվանեց «բանակցային գործընթացի նպատակամղված աղավաղման ավանդական փորձ» եւ «շահարկում»:

Կրակին յուղ լցրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, որը երեկ հայտարարեց. «Ադրբեջանի զինված ուժերի մարտունակության աստիճանը թույլ է տալիս ազատել մեր հողերը ռազմական ճանապարհով: Դրա համար միայն ժամանակ է պետք, հայերը վախենում են պատերամից»: Գեներալը մեղադրեց «հզոր համաշխարհային տերություններին ղարաբաղյան հակամարտության շահարկման համար, որոնք ցանկանում են իրենց ազդեցության ոլորտում պահել Ադրբեջանը»: «Սակայն, երբ նրանք տեսնեն մեր ուժը, կհրաժարվեն իրենց մտադրությունից, մենք կապացուցենք դա»,-մեջբերում է Աբիեւի խոսքերը ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունը: Շատերը կարծում են, որ այդ «քարը» գցված է ռուսական «բոստանը»...

Հակամարտության կողմերից ոչ մեկը չի նշում բանակցություններում տարաձայնության գլխավոր պատճառը: «ՎՆ» լավատեղյակ աղբյուրների համաձայն, Հայաստանը պատրաստ կլիներ կարգավորման առաջին փուլում թույլ տալ Քելբաջարի շրջան վերադառնալ ադրբեջանցի փախստականներին եւ վարչակազմին: Սակայն այն պայմանով, որ Բաքուն կնշի Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի ընդունելի ժամկետը, թեկուզ մի քանի տարի անց: Սակայն Բաքուն հրաժարվում է դա անել: «ՎՆ» նույն աղբյուրները համարում են, որ խոսակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին` Սանքտ Պետերբուրգում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, անհիմն են: «Մինչեւ աշուն նոր հանդիպում Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ հազիվ թե կայանա»: Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքի անսպասելի գաղտնազերծմանն, ապա, ինչպես նշել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելեթրոզը, «միջնորդները հոգնել են բանակցություններից եւ ճիշտ քայլ են կատարել, որը կնպաստի բաց եւ ընդգրկուն ազգային երկխոսությանը խնդրի էության շուրջ»: Նրա կարծիքով, «ադրբեջանցիներն ու հայերը կկարողանան այժմ սեփական կարծիք կազմել այն մասին, թե ինչ կա նախագահների բանակցությունների սեղանին, որոնք մինչ այժմ վարում էին մեկուսի, բայց անարդյունք երկխոսություն»,-գրում է «Վրեմյա Նովոստեյ»-ը: