Հալեպում պայթեցվել է հայ ոսկերիչների գործարանը. Վնասվել է նաև Հայ Կաթողիկե առաջնորդարանը

Հալեպում պայթեցվել է հայ ոսկերիչների գործարանը. Վնասվել է նաև Հայ Կաթողիկե առաջնորդարանը

PanARMENIAN.Net - Հալեպում դեկտեմբերի 9-ի առավոտյան զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել ոսկերիչների շուկան՝ «Ֆարհաթ» հրապարակը: Perio News ֆեյսբուքյան էջում նշված տեղեկատվության համաձայն, մեծ տակառից պատրաստված հրթիռն ընկել և պայթել է շենքի վրա, որի վերջին հարկը հայի բնակարան է, իսկ մնացածը՝ հայ ոսկերիչների գործարան:

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն գրանցվել, այլ միայն նյութական: Պայթյունի պատճառով վնասվել է շենքի մոտ գտնվող Հայ Կաթողիկե առաջնորդարանը, հրապարակում գտնվող եկեղեցիները, բնակարաններն ու խանութները: Շրջանն արդեն գրեթե չբնակեցված է, մեծ թվով հայեր ավելի ապահով շրջաններ են տեղափոխվել:

Հին Հալեպի շրջանը մշտապես բախումների, հրասանդների և հրթիռակոծության կենտրոն է: Հետևաբար, այնտեղ գտնվող Ազգային առաջնորդարանը, Սբ Քառասնաց Մանկանց մայր եկեղեցին և նրա մոտ գտնվող շրջանները ևս ինքնաբերաբար կարող են հայտնվել հրթիռների թիրախում:

Դեկտեմբերի 7-ին, կեսօրից հետո, ուժգին պայթյունը ցնցել է Հալեպ քաղաքը: Զինված խմբավորումների կողմից իրականացված պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մերձակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, որի հետևանքով նյութական և ֆիզիկական վնասներ են արձանագրվել: Պայթյունը երկրաշարժի է նմանվել և քաղաքն ամբողջությամբ ցնցվել է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիական բանակի և զինյալ ընդդիմության կազմավորումների միջև Հալեպի միջնադարյան միջնաբերդի պատերի մոտ կատաղի մարտեր են ընթանում: Գրոհայինները հարձակվել են սիրիացի զինծառայողների դիրքերի վրա Օմեյադի Մեծ մզկիթի շրջանում: Հրթիռահրետանային գնդակոծման են ենթարկվել Էզ Զահրա, Մեյսալուի, Համիդիե, Մասկին-Սաբիլ թաղամասերը, Նիլ փողոցը և պալատը հին քաղաքում:

Հաղորդագրություններ են ստացվում խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, Սիրիայում և Իրաքում մոտ 13,6 միլիոն մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված անձ, որից ևս 7,2 մլն Սիրիայի ներքին տեղահանված անձիք են, 3,3 մլն՝ փախստականներն այդ երկրից: Մոտ 200 հազար մարդ զոհվել է: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Կարդացեք նաև` Հալեպի միջնաբերդի մոտ կատաղի մարտեր են

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---