29 հունիսի 2006 - 14:48 AMT
Վ.Կազիմիրով. Մեթյու Բրայզայի հայտարարության առաջացրած ոչ բոլոր հարցերի պատասխանները կան
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը միանգամից մի քանի հարցեր եւ ենթահարցեր է առաջացնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Առաջինը. համաձայնեցվա՞ծ է արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջեւ, եւ հնարավոր է, կողմերի հետ, այն, որ սկսնակ համանախագահը, ստանձնելով այդ պաշտոնը, հանդես կգա իրենց առաջարկների էության շարադրմամբ հակամարտության երեք կողմերից երկուսին: Երկու կողմերի արձագանքը ցույց է տալիս, որ սա նրանց համար անակնկալ էր: Իսկ գուցե՞ սա անակնկալ է նորեկի կողմից նաեւ իր երկու գործընկերների համար, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ղբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Նորեկի այս քայլում արտասովոր շատ բան կա: Մնում է մի դատարկ բան` այս հավակնոտությունը հիմնավորել կոնկրետ գործերով»,-նշել է ռուս դիվանագետը:

«Երկրորդ հարցը. որքանո՞վ է ամբողջական եւ ճիշտ շարադրված երկու կողմերին նրա փոխանցված առաջարկների էությունը: Այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ, դատելով Երեւանի եւ Բաքվի արձագանքներից: Հաջորդ ենթահարցը. ինչո՞վ է բացատրվում է Մ.Բրայզայի շարադրանքի ամբողջական չլինելը: Ինչ-որ մտայնությամբ թե նրանով, որ նյութը նա դեռեւս չի յուրացրել: Եվ երրորդը: Չէի ցանկանա հավատալ, որ սա անհատի լիովին ինքնուրույն որոշում է, որը չի վերահսկվում Պետդեպարտամենտի կողմից: Այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ դիվանագիտության նպատակը, որն այդքան յուրօրինակ միջոց է ընտրել իր համանախագահին փոխելիս համանախագահության իր գործընկերների հետ գործակցություն հաստատելու համար: Կարժանանա՞ նա ծափահարությունների իր երկու գործընկերների կողմից: Եվ ինչպես հայ եւ ադրբեջանցի լրագրողները կշահագործեն նոր համանախագահի զրուցասիրությունը հակամարտության գոտի նրա կատարելիք այցի ժամանակ: Այս հարցազրույցից հետո նրան դժվար կլինի վերադառնալ իր գործընկերների ավանդական զսպվածությանը եւ նույնիսկ ոչ շահավետ տպավորություն կստեղծի նրա համար: Իսկ շարունակե՞լ նույն ոգով` դա չի կարող երկար տեւել եւ թեթեւամտության տպավորություն կստեղծի»,-հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը:

«Մի խոսքով, Մեթյու Բրայզան շատ հարցեր հարուցեց, իսկ պատասխաններ դեռեւս չկան: Դրանց փոխարեն կան լրացուցիչ, հստակեցնող հարցեր: Դա առավել մեծ խառնաշփոթ եւ խոսակցություններ առաջացրեց, նույնիսկ սրեց բանավեճը հակամարտության կողմերի միջեւ: Հարկավո՞ր է այս ամենը կարգավորման համար, թե այլ նպատակներ է հետապնդում: Տեսնենք, ժամանակը ցույց կտա»,-ամփոփել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը: