Դատարանի որոշմամբ Լևոն Հայրապետյանը կմնա տնային կալանքի տակ. Նա այժմ հիվանդանոցում է

Դատարանի որոշմամբ Լևոն Հայրապետյանը կմնա տնային կալանքի տակ. Նա այժմ հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանյան դատարանը երկարացրել է հայ ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանի տնային կալանքը մինչև 2015 թվականի ապրիլի 19-ը: Հիշեցնենք, որ նրան մեղադրոմ են դրամական միջոցները մսխելու և «լվանալու» մեջ «Բաշնեֆտի» գործով:

Դատավոր Արթուր Կարպովը դեկտեմբերի 10-ին բավարարել է քննության միջնորդությունը գործարարի խափանման միջոցը ևս 4 ամսով երկարացնելու վերաբերյալ՝ պահպանելով բոլոր սահմանափակումները:

Նիստում քննության ներկայացուցիչը հայտարարեց, որ նախաքննությունը չի կարող ավարտվել, քանի դեռ ուժի մեջ է տնային կալանքի մասին որոշումը, քանի որ հարկավոր է անցկացնել «մեծածավալ քննչական գործողություններ», այդ թվում «ստանալ իրավական օգնության տրամադրման մասին արտերկրից ստացված հարցումների պատասխանները»: Ըստ քննության, քրեական գործն առանձնապես բարդ է, քանի որ «կապված է հանցագործության վաղեմության հետ»: Գործում դեռևս 3 ֆիգուրանտ կա:

Քննիչը հայտարարել է, որ Հայրապետյանն այդպես էլ չճանաչեց իր մեղքը, սակայն «հաստատեց, որ Եվտուշենկովի խոստացած վարձատրության դիմաց մասնակցել է Ռախիմովի հետ նրա հանդիպման կազմակերպմանը»,-հայտնում է Ինտերֆաքսը:

Ինքը Հայրապետյանը քննության միջնորդության նիստին չի մասնակցել, քանի որ բուժում է անցնում հիվանդանոցում: Ինչպես նիստի ժամանակ հայտարարեց Հայրապետյանի դատապաշտպանը, իր պաշտպանյալի մոտ օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել:

«Լևոն Հայրապետայնն այժմ բուժվում է հիվանդանոցում, որտեղ հաստատվել է միզապարկի քաղցկեղ ախտորոշումը»,-հայտարարել է փաստաբանը:

Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը: Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ:

Հայրապետյանին թույլ տվեցին տնային կալանքի տակ գտնվել հոկտեմբերի 3-ին: Ըստ որոշման, Հայրապետյանը չի կարող լքել տարածքն առանց քննիչի թույլտվության, հեռախոսազանգեր կատարել, նամակագրություն վարել և շփվել մերձավոր հարազատներից ու քննությաննն առնչվող իրավապահներից բացի որևէ մեկի հետ:

Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն: Հայաստանում և աշխարհասփյուռ հայ համայնքներում Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ցույցեր տեղի ունեցան: .

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---