ՏՄՊՊՀ. Գնաճը համարժեք է փոխարժեքի տատանումներին

ՏՄՊՊՀ. Գնաճը համարժեք է փոխարժեքի տատանումներին

PanARMENIAN.Net - Հայաստանում այս պահի դրությամբ գների փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի տատանումներին: Այս մասին դեկտեմբերի 11-ին Կառավարության նիստում հայտարարել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ վարչապետի հանձնարարականով ներկայացնելով ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

ՀՀ Կենտրոնական բանկը դեկտմբերի 10-ին ԱՄՆ 1 դոլարի դիմաց սահմանել է 457,31 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 2,23 կետով: Դեկտեմբերի 11-ին հայկական բանկերում և փոխանակման կետերում, ըստ Rate.am-ի, մեկ դոլարի առքի արժեքը 457-460 դրամ է, եվրոյինը՝ 565-571, ռուբլունը՝ 8- 8,41:

Ըստ նրա՝ առանձնացրել են այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները և հետևում են, որպեսզի թույլ չտան հակամրցակցային գործողությունները: Մասնավորապես, ուսումնասիրվել են շաքարավազի, կարագի, ձեթի, հավի մսի, սուրճի, ալյուրի ու ևս մեկ տասնյակի հասնող ապրանքների շուկաները:

Շաբոյանի խոսքերով՝ տեղական արտադրության շուկաներից ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում է գտնվում նաև կաթնամթերքի ոլորտը, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքներ ներմուծվում են:

«Կաթամթերքի գները որոշ տեսակների վրա են փոխվել: Այս ժամանակահատվածում տեղական կաթնամթերքի արտադրությունը ևս նվազել է և գնային փոփոխությունը նաև դրա հետ է կապված: Սակայն ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են գները բարձրացրել: Մասնավորապես, «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները, որոնք խոշոր արտադրողներ են, գները չեն բարձրացրել»,-ընդգծել է Շաբոյանը՝ խոստանալով կաթնամթերքի ոլորտի վերաբերյալ վերջնական դիրքորոշումը ներկայացնել ավելի ուշ, մեջբերում է Panorama.am-ը:

Ըստ նրա՝ նոյեմբերի վերջից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում փոխարժեքի արժեզրկումն իր ազդեցությունն է ունեցել գների բարձրացման վրա: Շաբոյանը սակայն նշել է, որ ընդհանուր առմամբ՝ հասարակության լայն շերտերին հետաքրքրող ապրանքների գծով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնային փոփոխությունները տատանվում են 2-13 տոկոսի շրջանակներում. «Այսինքն` այդ փոփոխությունները մեծ հաշվով համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, քանի որ դրամն արժեզրկվել է 13-14 տոկոսով»:

Միաժամանակ, նա նշել է, որ օրինակ բրնձի մեկ կիլոգրամը 325-ից դարձել է 375 դրամ: Էկանորանորեն ավելացել են նաև հնդկաձավարի գները, քանի որ, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, այս ապրանքատեսակը մեր տնտեսվարողները հիմնականում ներմուծում են ռուսական շուկայից, իսկ այնտեղ հնդկաձավարի բերքը կրճատվել է քսան տոկոսով, ինչի արդյունքում էլ գներն աճել են:

Շաբոյանը հավելել է, որ հաշվի առնելով ամանորյա նախատոնական ժամանակահատվածը՝ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ամենօրյա դիտարկումներ իրականացնել և հետևելու է խոշոր ընկերությունների գործունեությանը:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Կարդացեք նաև`Ավտոմեքենաների գազալիցքավորման գինը թանկացել է. ՀԾԿՀ-ում չգիտեն` ինչու

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---