12 դեկտեմբերի 2014 - 10:55 AMT
ԱՄՆ Սենատը ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս նախագահ Օբամային նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Փաստաթուղթը նաև թույլ է տալիս ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այն ստացել է ինչպես ժողովրդավարների, այնպես էլ հանրապետականների հավանությունը: Ըստ օրինագծի, նախագահին իրավունք է վերապահվում պատժամիջոցներ կիրառել «ՌԴ ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ կառավարության կողմից վերահսկվող ընկերությունների դեմ», գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մասնավորապես, փաստաթղթով նախատեսվում է «պատժամիջոցներ սահմանել օտարերկրյա ներկայացուցիչների դեմ», եթե ԱՄՆ նախագահը «որոշի, որ նրանք լուրջ ավանդ ունեն որոշակի ռուսական նախագծերում, կապված նավթի հետ»: Փաստաթուղթը նախատեսում է Կիևին անմիջական ռազմական օգնության տրամադրման հնարավորություն, այդ նպատակով 2015-ին կարող է 350 մլն դոլար հատկացվել: Այժմ օրինագիծը կդրվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ: