12 դեկտեմբերի 2014 - 13:23 AMT
ԱՄՆ-ն ՀՀ հետ կշարունակի գործակցել նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ բարեփոխումների իրականացման հարցում նաև ԵՏՄ-ին նրա անդամակցությունից հետո: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նա նշել է, որ «բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու տնտեսական ինտեգրման ու զարգացման ճանապարհը՝ ելնելով սեփական շահերից»:

«Աշխարհի ոչ մի երկիր իրավունք չունի որոշել մեկ այլ պետության քաղաքական ու տնտեսական կողմնորոշումը»,-ասել է դիվանագետը:

«ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ սատարելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների անցկացմանն ու կօգնի պահպանել ԱՄՆ ու ՀՀ հարաբերություններում արձանագրված առաջընթացը»,-ասել է Փսակին:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Անդամակցության մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ սահմանում է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը: Ըստ պայմանագրի, Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դառնում պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո»:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ մնաց: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Photo: AFP