Թեոդոսիայի իշխանություններին 1,5 մլն դոլար է հարկավոր հայկական եկեղեցիների նորոգման համար

Թեոդոսիայի իշխանություններին 1,5 մլն դոլար է հարկավոր հայկական եկեղեցիների նորոգման համար

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Դմիտրի Շչեպետկովը այցելել է վերականգնման կարիք ունեցող երկու հայկական եկեղեցի. Նախիմովի փողոցում գտնվող Սբ Գևորգ և Արմյանսկայա փողոցում գտնվող Սբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցիներ: Հայ համայնքը, ինչպե նաև քաղաքն իրենց ուժերով չեն կարող ռեստավրացիայի ենթարկել դրանք, ուստի քաղաքային իշխանությունները մտադիր են ֆինանսավորում հայթայթել դաշնային մակարդակով, հայտնում է Թեոդոսիայի «Պոբեդա» թերթը: Արդեն այս շաբաթ քաղաքային վարչակազմի փոխղեկավար Մակար Մակարովը խորհրդակցություն է անցկացրել հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով իրավաբանական փաստաթղթերի ձևակերպման ու միջին դարերեի այդ կոթողների վերականգնման հարցերը:

«Մեր աչքի առաջ փլուզվում են պատմական արժեքները, 14-15 դարի»,-ասել է քաղաքային իշխանության ղեկավար Դմիտրի Շչեպետկովը:

Այսօր ՀԱԵ Թեոդոսիայի թեմին են պատկանում Սուրբ Սարգիս եկեղեցին, որի բակում է գտնվում Հ. Այվազովսկու գերեզմանը, Նախիմովի փողոցում գտնվող Սբ Գևորգ և Արմյանսկայա փողոցում գտնվող Սբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցիները, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

«Երբ 1992 թվականին հայերին թույլ տվեցին վերադառնալ Ղրիմ, մենք սկսեցինք պայքարել մեր պաշտամունքային կառույցները համայնքին վերադարձնելու համար: Մինչև 1998 թ. մեզ փոխանցվեց 4 եկեղեցի»,-հիշեցրել է Թեոդոսիայի թեմի առաջնորդ հայր Եփրեմը: Նա պարզաբանել է, որ համայնքի համար դժվար է նորոգել եկեղեցիները, քանի որ դրանք պատմության և մշակույթի հուշարձաններ են և պահպանվում են պետության կողմից:«Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, մենք կարողացանք նորոգել Սբ Սարգիս եկեղեցին, հիմա զբաղվում ենք Սբ Գևորգի ճակատագրով, քանի որ հակառակ դեպքում այն կփլուզվի»,-ասել է նա:

Անհապաղ վերականգնողական աշխատանքներ պահանջող Սբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցու նորոգումը ոչ միայն համայնքի, այլ նաև քաղաքի ուժերից վեր է: «Նախնական հաշվարկներով, հարկավոր են լուրջ պետական ներդրումներ՝ մոտ 1,5 մլն դոլար»,-ասել է նա: Հարկ կլինի անցկացնել նաև հակասողանքային միջոցառումներ:

«Միակ ելքը Մոսկվային դիմելն է, մշակույթի նախարարությանը, գիտությունների ակադեմիային»,-նշել է Շչեպետկովը: Հայ համայնքի ներկայացուցիչը պատմել է, որ Ռուսաստանին Ղրիմի միանալուն պես փոխվել է վերաբերմունքը հայկական կրոնական ու ազգային համայնքների գործունեության հանդեպ. «Ես 20 տարի շարունակ նամակներ եմ ուղարկել Կիև մեր եկեղեցիների վիճակը նկարագրելով, սակայն պատասխան չեմ ստացել: Հիմա կա իրավաբանական ու ֆինանսական խնդիրները լուծելու հնարավորություն»:

Քաղաքային իշխանությունների հետ քննարկումներին մասնակցել է նաև համայնքի ղեկավար Աշոտ Գաբոյանը:

Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։

1799թ. հոկտեմբերի 28-ին հրապարակվում է կայսերական հրավարտակը, որը առանձնաշնորհներ տալուց բացի, հայերին արտոնում է բնակություն հաստատել թերակղզում, ունենալ սեփական քաղաքապետարան։ Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ: 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։

Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887թ. Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։ Հայազգի ինժեներ Շահվերդյանի նախագծով 1901թ. Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։ Ղիմահայ առաջին դպրոցը հիմնվեց Ղարասուբազարում, 1816թ.: Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը դժբախտաբար չեն պահպանվել։ Ժամանակին Թեոդոսիայի ամենամեծ և գեղեցիկ շինություններից է համարվել Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը, որը Հայրենական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով լրիվ ավերվել է։ Քաղաքացիական բնույթի շինություններ են կառուցվել Սպենդիարյանների, Թոփալյանների, Սեֆերովների և այլ մեծահարուստ հայերի պատվերներով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---