British Pertoleum-ը զանգվածային կրճատումներ է սկսում Ադրբեջանում

British Pertoleum-ը զանգվածային կրճատումներ է սկսում Ադրբեջանում

PanARMENIAN.Net - British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը 2015-ին աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի, որի պատճառը նավթի գների անկումն է: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ըստ ընկերության գործադիր տնօրեն Բոբ Դադլիի, կրճատումները վերաբերվում են ընկերության ներկայացուցչություններին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ադրբեջանում ու Գերմանիայում:

BP Azerbaijan-ի ընկերության մամուլի ծառայության ղեկավար Թամամ Բայաթլին անուղղակիորեն հաստատել է կրճատումների մասին լուրերը: «Մենք մրցունակության բարձրացմանն ուղղված տարբեր հնարավորություններ ենք քննարկում, այդ թվում նաև նպատակ ունենալով խուսափել կազմակերպչական բարդություններից և բարձրացնելու համար արդյունավետությունը: Բնականաբար, ըստ բիզնեսի կանոնների, մեր կազմակերպությունը պետք է ավելի պարզեցված ու արդյունավետ գործի, ինչը կապահովի մեր մրցունակությունը»,- ասել է նա Oxu.az –ին:

Աշխատատեղերի կրճատման լույսի ներքո Haqqin.az-ը մտավախություն ունի, որ BP-ի ֆինանսական դժվարություններն ազդելու են նոր նախագծերի իրականացման ու նախկին պարտավորությունների վրա:

«Ժամանակն է հաստատել. ուժի մեջ են մնում ընկերության ամենակարևոր պարտավորությունները՝ TANAP-ին 12 տոկոս մասնակցության մասին, «Շահդենիզ-2» և այլ հանքավայրերի ընդլայնման աշխատանքին մասնակցության հարցերը…Ադրբեջանի ժողովուրդն ու կառավարությունը չափազանց մեծ հույսեր էին կապում երկրի համար կարևոր այդ նախագծերի հետ, որոնց լուծումն այսօր կարող է ընկերության ուժերից վեր լինել: Այդ նախագծերը բազմամիլիարդանոց ներդրումներ են պահանջում, իսկ ВР-ն ֆինանսական դժվարություններ ունի: Ադրբեջանի կառավարությունը շտապում է կյանքի կոչել դրանք, իսկ ընկերությանը ձեռնատու է հետաձգել այդ նախագծերի իրականացումը»,-նշում է պարբերականը:

Նավթի համաշխարհային գների անկումը Ադրբեջանի միակ խնդիրը չէ: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում British Petroleum-ի կողմից կառավարվող հանքերում 2015-ից սկսած կնվազի տարեկան 2,5 տոկոսով: 2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ: 2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց:

Ընթերցեք նաև. Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ից կնվազի տարեկան 2,5 տոկոսով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---