30 հունիսի 2006 - 13:55 AMT
Արքեպիսկոպոս Մութաֆյանը համաձայն չէ Գարեգին Երկրորդի հետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
«1915 թվականի հարցը» պետք է ուղղված լինի պատմաբաններին եւ սոցիոլոգներին, որպեսզի նրանք գտնեն իրականության ընդհանուր ըմբռնումը: Այդ մասին թուրքական ԶԼՄ-ներին է հայտարարել Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Ստամբուլ կատարած այցից հետո: Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ «համաձայն չէ Գարեգին Երկրորդի այն արտահայտությանը, թե Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կոնստանդինոպլսի պատրիարքը նշել է նաեւ, որ Գարեգին Երկրորդի հայտարարությունը անսպասելի չէր, քանի որ նրա այցը լուսաբանվել է հայկական մամուլի կողմից եւ կաթողիկոսը հայտարարություններ է արել, հաշվի առնելով Սփյուռքի առանձնահատկությունները: Թուրքական մամուլը արձագանքել է այդ հայտարարությանը միայն «Հյուրիեթի» հրապարակումով, որը բնութագրել է կաթողիկոսի այցն որպես բողոքի ցույց, հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» թերթը:

Նշենք, որ Ստամբուլ կատարած այցի ժամանակ, Գարեգին Երկրորդը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող քննարկման առարկա լինել եւ որ այն պետք է ճանաչվի Թուրքիայի կողմից: