13 դեկտեմբերի 2014 - 10:27 AMT
ԱՄՆ-ն աշխարհին կոչ է անում հրաժարվել ՌԴ հետ գործարքից

Վաշինգտոնը հորդորել է աշխարհի բոլոր երկրներին հրաժարվել գործարար հարաբերություններից Մոսկվայի հետ: «Մենք նախկինի պես կոչ ենք անում բոլոր երկրներին բիզնես չվարել Ռուսաստանի հետ»,-Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի հետևել Մոսկվայի նոր պայմանագրերին, գրում է ՌԲԿ-ն:

Պետդեպի ներկայացուցչի հայտարարությունը հնչեց Վլադիմիր Պուտինի վերջերս Հնդկաստան կատարած այցից հետո, որի ընթացքում տնտեսական բնույթի բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, մասնավորապես, շրջանակային պայմանագիր ստորագրվեց «Կուդանկուլամ» ԱԷԿ-ի 3-րդ և 4-րդ բլոկերի շինարարության մասին: Ավելի վաղ Փսակին Պետդեպի անունից մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Պուտինին ուղեկցում էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

Մինչդեռ դեկտեմբերի 12-ին Փսակին հայտարարեց, որ հայ-ռուսական ինտեգրումը ԵՏՄ շրջանակներում չի վնասի Վաշինգտոնի և Երևանի հարաբերություններին: Նա նշեց, որ «բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու տնտեսական ինտեգրման ու զարգացման ճանապարհը՝ ելնելով սեփական շահերից»: «Աշխարհի ոչ մի երկիր իրավունք չունի որոշել մեկ այլ պետության քաղաքական ու տնտեսական կողմնորոշումը»,-ասել է դիվանագետը:

«ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ սատարելով ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների անցկացմանն ու կօգնի պահպանել ԱՄՆ ու ՀՀ հարաբերություններում արձանագրված առաջընթացը»,-ասել է Փսակին:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ: