Հրադադարի աննախադեպ խախտումներ շփման գծում. Մեկ շաբաթում արձակվել է 18.000 կրակոց

Հրադադարի  աննախադեպ խախտումներ շփման գծում. Մեկ շաբաթում արձակվել է 18.000 կրակոց

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 18.000 կրակոց:

Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց:Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերն, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մոտ 204 անգամ խախտել է հրադադարը, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես, առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետից կրակել է 24 անգամ:Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

Արցախից ստացված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը նաև ականանետեր է կիրառել։Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Պատասխան կրակից ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ, որոնց մասին լուրերը թաքցնում է։

Դեկտեմբերի 8-ինԼեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարԴավիթ Բաբայանը տեղեկացրել էր, որ շփման գծում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողության փորձ է արել, որի արդյունքում կորուստներ է տվել և հետ է շպրտվել:Նույն օրը շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գարիկ Իսպիրյանը:

Ամռանը հակառակորդի գործողություններն աննախադեպ էին 90-ականներից ի վեր։ Հայկական ստորաբաժանումներն այդ ըթացում կանխել էին 20-ից ավելի դիվերսիա։ Հակառակորդի նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 18.000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը 13.000 էր: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---