Մերկելը կողմ է ԵՄ և ԵՏՄ շփումներին ու առևտրային հարաբերությունների հաստատմանը

Մերկելը կողմ է ԵՄ և ԵՏՄ շփումներին ու առևտրային հարաբերությունների հաստատմանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսաուղերձում հայտարարել է, որ Եվրամիությունը շահագրգիռ է պահպանելու լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք ևս կցանկանայինք լավ գործընկերային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,-ասել է նա, պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում ՌԴ «շատ մեծ ազդեցությանը» Հունգարիայի, Թուրքիայի և Սերբիայի վրա: Ըստ կանցլերի, ԵՄ մերձեցումն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ «ուղղված չէ Ռուսաստանի դեմ», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Վեստի.ռու-ի հաղորդագրության, Անգելա Մերկելը նաև կողմ է արտահայտվել շփումների հաստատմանը ԵՄ և Եվրասիական տնտեսական միության անդամների միջև: Մերկելը կարևորում է առևտրային հարցերի շուրջ երկխոսությունը Ռուսաստանի և ԵՄ միջև կամ ԵՏՄ ու ԵՄ միջև:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---