15 դեկտեմբերի 2014 - 12:28 AMT
ԶԼՄ-ներ. ԵԽԽՎ առաջնորդները կողմ են, որ ՌԴ պատվիրակության լիազորությունները վերականգնվեն

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վեհաժողովի 5 քաղաքական խմբից չորսի առաջնորդները կողմ են, որ Ռուսաստանի պատվիրակության հանդեպ գործող պատժամիջոցները վերացվեն, բայց կբավականացնեն արդյոք նրանց ձայները, դժվար է ասել: Ռուսաստանի գծով ԵԽԽՎ զեկուցող Անդրեաս Գրոսը հայտարարել է, որ կազմակերպության անդամների մեծ մասը հակված է վերականգնելու ՌԴ պատվիրակության լիազորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ապրիլին ԵԽԽՎ-ն զրկեց Ռուսաստանին ձայնի իրավունքից Ղրիմի միացման պատճառով՝ թույլ չտալով նրան մասնակցել կանոնադրական մարմինների աշխատանքին ու դիտորդական առաքելություններին: Ի պատասխան ռուսական պատվիրակությունը հեռացավ ԵԽԽՎ նիստի դահլիճից մինչ պատվիրակության բոլոր իրավունքների լիակատար վերականգնումը: Բոլոր պատվիրակությունների լիազորությունները թարմացվում են ամեն տարի, ուստի ձայնից զրկելու իրավունքը գործում է մինչև 2014-ի ավարտը:

Ինչպես գրում է «Իզվեստիան», Ռուսաստանի գծով ԵԽԽՎ զեկուցող Անդրեաս Գրոսը Մոսկվա կայցելի դեկտեմբերի 17-18-ը:

«Գրոսը ժամանում է Մոսկվա որպես ՌԴ գծով դիտորդական զեկույցի հեղինակ: Մենք որոշեցինք ընդունել նրան ԵԽԽՎ նախագահական կոմիտիե հետ գործակցության շրջանակում և հունվարյան նստաշրջանին մեկնելու շեմին, չնայած, չենք մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին որպես բողոքի նշան մեր պատվիրակության դեմ սահմանված պատժամիջոցներին»,-ասել է Պուշկովը:

Ալեքսեյ Պուշկովը նշել է, որ կազմակերպության քաղաքական հինգ խմբերից պատժամիջոցների գործողությունը շարունակելուն կողմ են միայն Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները որպես բրիտանական կառավարության շահերի արտահայտող:

«Քաղաքական խմբերի ղեկավարներից ոմանց դիրքորոշումը փոխվել է: Իսպանացի Ագրամունտը (Ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար), որն ապրիլին կողմ էր քվեարկել պատժամիջոցներին, վերջերս Բեռլինում, որտեղ անցնում էր դիտորդական կոմիտեի նիստը, հրապարակավ հայտարարեց, որ փոխել է իր տեսակետը: Որքանով կարող եմ դատել, նման մոտեցումն արտացոլում է աճող թվով պատգամավորների կարծիքը: Բայց դժվար է ասել կկազմեն նրանք արդյոք մեծամասնություն: Թեև որոշ նշաններ վկայում են, որ որոշ քաղաքական գործիչների դիրքորոշումը փոխվում է»,- հավելել է Պուշկովը:

ԵԽԽՎ հինգ քաղաքական խումբն են սոցիալիստները Գրոսի ղեկավարությամբ (198 տեղ), պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (186 տեղ), Եվրոպացի ժողովրդավարները (62), Հանուն Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը (80) և Եվրոպացի միացյալ ձախակողմյանները (36):

Photo: AP