30 հունիսի 2006 - 18:52 AMT
Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիայի համար հիմնական վտանգը Կիպրոսի հարցն է
Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիայի համար հիմնական վտանգը Կիպրոսի պահանջն է` բացել Կիպրոսի նավահանգիստներն ու օդային ճանապարհները հունական նավերի եւ ինքնաթիռների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, երկրորդ վտանգը օրենսդրության մեջ ընթացող բարեփոխումների դանդաղ ընթացքն է, որը մինչեւ հիմա չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: «Նույնսիկ այն փոփոխությունները, որոնք մինչեւ հիմա արվել են Թուրքիայի Քրեական Օրենսգրքում, հեռու են եվրոպական պահանջներից»,- նշել է Մանոյանը:
Նա նաեւ ասել է, որ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կուսակցությունը առավել շատ է շահագրգռված Թուրքիայի եվրաինտեգրման մեջ: «Բայց անկախ նրանից, թե Էրդողանը կլինի նախագահ թե ոչ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման հարցը կմնա օրակարգում: Եւ եթե Թուրքիան բացի սահմանները Հայաստանի հետ, ապա Ադրբեջանը կմնա առանց աջակցության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է Մանոյանը: