17 դեկտեմբերի 2014 - 11:06 AMT
Արգենտինացի փորձագետ. Էրդողանն ու Գյուլենը նույն քաղաքականության երկու բևեռներն են

Էրդողանն ու Գյուլենը նույն քաղաքականության երկու բևեռներն են, հայտարարել է Presna Armenia թերթի գլխավոր խմբագիր, գյուլենականների շարժմանը նվիրված «Ֆեթուլլահ Գյուլեն» գրքի խմբագիր Պաբլո Քենտիկյանը: Դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է կատարել աստվածաբան Գյուլենի կողմնակիցների շարքերում, այդ թվում ԶԼՄ-ների աշխատակիցների ու բարձրաստիճան ոստիկանների: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է մոտ 30 մարդ, այդ թվում Գյուլենի կողմից վերահսկվող թուրքական առաջատար ԶԼՄ-ներից մեկի՝ Zaman թերթի խմբագիր:

«Այօրս գյուլենականների շարժումը ներկայանում է որպես զոհ, սակայն պետք չէ մոռանալ, որ նրանք Էրդողանի հետ միասին «վհուկների որս» սկսեցին թուրքական բանակում, որը դեմ էր պետության իսլամականացմանը»,-նշում է Քենտիկյանը՝ նկատի ունենալով աղմկահարույց «Էրգենեկոն» գործը, որի շրջանակում տասնյակ զինվորականներ դատապարտվեցին երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:

«Էրդողանն ու Գյուլենը նույն քաղաքականության երկու բևեռներն են: Թուրքիայում գնալով նոր թափ է ստանում պայքարն իշխանության համար և հասարակությունը խճճվում է այդ պայքարում: Չի կարելի անտեսել այն փաստը, որ Գյուլենը «զուգահեռ պետության» հետադիմական կառուցվածքի մասն էր, որից Էրդողանն աջակցություն էր ստանում, քանի դեռ նրանք դաշնակիցներ էին»,-նշում է հեղինակը:

Ֆեթուլլահ Գյուլենը ամենաազդեցիկ իսլամիստ իմամներից է աշխարհում, նա կողմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը և դեմ է երկրի միջամտությանը սիրիական պատերազմին: Գյուլենը հանդես է գալիս նաև միջկրոնական երկխոսության օգտին քրիստոնյաների, մահմեդականների ու հուդայականների միջև: Նման հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, իսլամականացնում է Թուրքիան ու սատարում է պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենը նախաձեռնեց մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը նախընտրական 2014 թվականին: Այն ժամանակ համացանցում հայտնվեցին բարձրաստիճան թուրք պաշտոնյաների փաստաթղթերն ու հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք հաստատում էին կոռուպցիայի հսկայական ծավալները իշխող կուսակցությունում: Հանրության սեփականությունը դարձավ նույնիսկ Էրդողանի հեռախոսազրույցը որդու հետ՝ նրանք քննարկում էին թե որտեղ կարելի է թաքցնել տանը պահվող 40 մլն դոլարը, որը որպես «օտկատ» էին ստացել պետբյուջեից: Չի բացառվում, որ գյուլենականները կապված են նաև թուրք գեներալների զրույցների արտահոսքի հետ ԶԼՄ-ներում, որոնք քննարկում էին սադրանքի հարցը թուրք-սիրիական սահմանին, նպատակ ունենալով առիթ ստեղծել Սիրիա թուրքական բանակի ներխուժման համար: Էրդողանն արտահոսքին պատասխանեց զանգվածային ձերբակալություններով՝ մեղադրելով նրանց օրինական իշխանությունը տապալելու և հեղաշրջում կատարելու մեջ: Թուրքական իշխանությունները փորձում են նաև հասնել Գյուլենի արտահանձնմանն ԱՄՆ-ից:

Գյուլենականների հետ կապված սկանդալը չշրջանցեց նաև Ադրբեջանը՝ շարժման հետ կապերի համար ոմանք տուժեցին, իսկ որոշ դեպքերում նաև զրկվեցին պաշտոններից: Պաշտոնանկ արվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիևը, նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, այլ խոշոր պաշտոնյաներ, պատգամավորներ, ֆինանսական և արդյունաբերական խմբերի ղեկավարներ: Ադրբեջանում խմբի դեմ ձեռնարկվող միջոցները համաձայնեցվել են բարձր մակարդակով Թուրքիայի ղեկավարության հետ:

Photo:golosislama.ru