Շաբաթը շփման գծում. Հրադադարը խախտվել է մոտ 1200 անգամ

Շաբաթը շփման գծում. Հրադադարը խախտվել է մոտ 1200 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12.000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 1600 անգամ՝ արձակելով ավելի քան 18.000 կրակոց:

Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց:Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մոտ 204 անգամ խախտել է հրադադարը, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես, առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետից կրակել է 24 անգամ:Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

Արցախից ստացված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը նաև ականանետեր է կիրառել։

Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեղեկացրել էր, որ շփման գծում ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողության փորձ է արել, որի արդյունքում կորուստներ է տվել և հետ է շպրտվել:Նույն օրը շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գարիկ Իսպիրյանը:

Ամռանը հակառակորդի գործողություններն աննախադեպ էին 90-ականներից ի վեր։ Հայկական ստորաբաժանումներն այդ ըթացում կանխել էին 20-ից ավելի դիվերսիա։ Հակառակորդի նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 18.000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը 13.000 էր: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---