4 հուլիսի 2006 - 14:49 AMT
ԵԱՀԿ ՄԽ.Ռ.Քոչարյանն ու Ի.Ալիեւը պետք է իրենց վրա վերցնեն նախաձեռնությունը Ղարաբաղի հարցում
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հերթական հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահների ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ներկայացրած սկզբունքները տարբեր կերպ եմ մեկնաբանվում: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով դա, անհրաժեշտ ենք համարում հետեւյալ հայտարարությունն անել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 22-ին հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի առջեւ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ բանակցությունների արդյունքների վերաբերյալ զեկույցով: Նրանք զեկույց ներկայացրեցին ինտենսիվ միջնորդական գործունեության մասին` անցած յոթ ամիսների ընթացքում կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ պայմանավորվածության հասնելու նպատակով; Այդ զեկույցում տեղեկատվություն կար այն երեք այցերի մասին, որ կատարել են համանախագահները համատեղ եւ առանձին Բաքու եւ Երեւան, երկու հանդիպումների մասին, որ անց են կացվել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ, Ռամբույեում եւ Բուխարեստում Քոչարյանի եւ Ալիեւի մասնակցությամբ կայացած հանդիպումների մասին եւ մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների փոխարտգործնախարարների մակարդակով տարածաշրջան կատարած այցի վերաբերյալ: Համանախագահները նշել են, որ իրենց ժողովուրդները եւ միջազգային հանրությունը միշտ հավատացել են խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման հնարավորությանը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահների միջնորդական ջանքերի արդյունքում նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Ռոբերտ Քոչարյանին հանձնվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք արդարացի են, հավասարակշռված եւ գործնական: «Այս առաջարկը կարող է հանգեցնել երկու կողմերի համար ցանկալի կարգավորման պայմանագրի ստորագրմանը: Այդ սկզբունքների էությունը նրանում է, որ հայկական զորքերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներից եւ հատուկ մոդել է տրամադրվում Քելբաջարի եւ Լաչինի շրջաններին (ներառյալ միջանցքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ): Այդ շրջանների ապառազմականացման ժամկետը եւ ձեւը պետք է որոշվի բանակցությունների հետագա փուլերում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման ժամանակ: Բացի այդ, այդ սկզբունքները նախատեսում են միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում եւ այդ համաձայնության կատարման գծով համատեղ հանձնաժողովի ստեղծում, տարածքների ականազերծում, շինարարության իրականացում եւ բռնի տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակային նախապատրաստումը թույլ կտա համագործակցություն հաստատել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Ըստ այդ սկզբունքների, կողմերը կդադարեն «վախեցնել» միմյանց եւ կկատարեն միջազգային եւ երկկողմ անվտանգության ապահովման վերաբերյալ խոստումները»:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ հանրաքվեի մասին համանախագահները նշել են, որ դրա անցկացման համար հարկավոր է համապատասխան նախապատրաստական աշխատանք: Այդպես, այդ հանրաքվեն պետք է անցկացվի հանգիստ պայմաններում, քաղաքացիները պետք է իրավունք ունենան ազատ արտահայտել իրենց կարծիքը: «Ցավոք, նախագահները Բուխարեստում վերջին հանդիպման ժամանակ չկարողացան պայմանավորվել այդ սկզբունքների շուրջ: Համանախագահները զարգացրեցին այդ առաջարկները հակամարտության կարգավորման շուրջ երկու տարի տեւող բանակցություններում: Մենք հավատում ենք, որ երկու նախագահները պետք է իրենց վրա վերցնեն նախաձեռնությունը Ղարաբաղի հարցում կարգավորման հասնելու համար: Նախագահների միջեւ պայմանավորվածության հասնելու դեպքում մենք պատրաստ ենք աջակցել պայմանագրի կնքմանը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ մոտ ապագայում չի նախատեսվում որեւէ լրացուցիչ հանդիպում կազմակերպել իրենց նախաձեռնությամբ: «Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները համաձայնվեն շարունակել բանակցությունները, մենք կրկին կարող ենք զբաղվել այդ հարցով», հաղորդում է «Ազերի-պրեսը»: