Տոներն են մոտենում. Երևանի գլխավոր տոնածառի լույսերը միացվել են

Տոներն են մոտենում. Երևանի գլխավոր տոնածառի լույսերը միացվել են

PanARMENIAN.Net - Ամանորին մնաց 9 օր, և այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով տոնական մի շարք միջոցառումների մեկնարկը: Միջոցառմանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ միացնելով գլխավոր տոնածառի և ամբողջ Երևանի տոնական լուսավորությունը։ Միջոցառումը շարունակվել է էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցել են երգիչ-երգչուհիներ։

Քաղաքապետարանից վստահեցնում են՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Ավելին, լավագույն ձևավորման համար քաղաքացիներն ու տնտեսվարողները քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն:

Տոնական միջոցառումների շրջանակում վաղն էլ՝ դեկտեմբերի 23-ին, կբացվի Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հայտնել է, որ Երևանի համայնքային բյուջեից մոտ 48 մլն դրամ է հատկացվել Երևանում Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար։

Ամանորին մայրաքաղաքում բազմաթիվ տոնական միջոցառումներ են լինելու. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ.

«Ովքեր կնախընտրեն բացօթյա միջոցառումները, համոզված եմ, կգոհանան. դրանց ճաշակն ու որակն ապահովված է բազմազանությամբ։ Այս տարի ևս գործակցում ենք մասնավոր հատվածի հետ, մասնավորապես՝ խանութների, օբյեկտների, որոնց տոնական ձևավորման համար հայտարարված է մրցույթ։ Լավագույն ձևավորում ապահոված մասնավոր ընկերությունները կպարգևատրվեն քաղաքապետի կողմից»։

Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերի մեծ հրավառություն է սպասվում։ Տոնական համերգին մասնակցելու են հայտնի խմբեր և երգիչներ։

Հունվարի 5-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է լինելու երեխաների համար։ Ժամը 15։00-ից մեկնարկող միջոցառմանը ելույթ կունենան ոչ միայն փոքրիկներն ու մանկական խմբեր, այլև ժողովրդական արտիստներ, ովքեր կկատարեն մանկական երգեր, նաև դուետներ՝ այն պատանի երգիչ-երգչուհիների հետ, որոնք հաջողություններ ունեն երգարվեստում, տեղական ու միջազգային մրցույթներում։

Սուրբծննդյան տոնին այս տարի ևս թեմատիկ համերգ է ծրագրված։ Հունվարի 6-ին Հանրապետության հրապարակի բեմում ելույթ կունենան ազգային երգի ու պարի, ինչպես նաև հոգևոր երաժշտություն կատարող համույթներ։

ԱՌԿԱ գործակալությունը տեղեկացնում է, որ միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է՝ գլխավոր տոնածառի շուրջ։

Ինչ վերաբերում է քաղաքի կենտրոնում շրջող Ձմեռ պապերին և ձյունանուշերին, նրանք կլինեն հավաստագրված ու բարեկիրթ: Քաղաքապետարանի մասնագիտական խումբը, սահմանված չափորոշիչներով, գնահատել է կերպարների թե´ ընդհանուր արտաքին տեսքն ու մասնավորապես հանդերձանքը և թե´ երեխաների ու ծնողների հետ շփման ունակությունները, գրագետ խոսքը, ասմունքի վարպետությունը:

«Միջոցառման հիմնական նպատակն Ամանորի հեքիաթային մթնոլորտին համահունչ Ձմեռ պապերի և ձյունանուշերի ընտրությունն է: Այս տարի հավաստագրերի տրամադրման ընթացակարգին նախապես հերթագրվել և մասնակցել է մոտ 60 Ձմեռ պապ և ձյունանուշ, որոնցից, սակայն, ոչ բոլորն են համապատասխանել չափորոշիչներին և հավաստագիր ստացել»,- վստահեցնում են քաղաքապետարանից ու հավելում, որ հավաստագրեր են տրամադրվել նաև մուլտհերոսների որոշ կերպարների:

Բացի այդ, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի վարչություների աշխատակիցների կողմից տոնական օրերին հատուկ հսկողություն է սահմանվելու հավաստագիր ստացած Ձմեռ պապերի և ձյունանուշերի գործունեության հանդեպ: Խոստանում են, որ ծխելու, ոչ սթափ վիճակում գտնվելու կամ այլ խախտումների արձանագրման դեպքում այդ անձանց գործունեությունը տեղում դադարեցվելու է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---