23 դեկտեմբերի 2014 - 11:07 AMT
Ֆինանսների նախարարությունում ԵՏՄ հարցերով արագ արձագանքման խումբ է ստեղծվել

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված արագ արձագանքման խումբ է ստեղծվել Հայաստանի ֆինանսների նախարարության հեռախոսային զանգերի սպասարկման կենտրոնում, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Խմբի աշխատանքն ուղղված է հասարակության և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների իրազեկման բարձրացմանը՝ ԵՏՄ–ին Հայաստանի միացումից հետո օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում փոփոխությունների մասին։

«Թեժ գիծ» է գործում 060 544 444 հեռախոսահամարով:

Նախատեսվում է, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովի նիստում կհայտարարվի, որ ԵՏՄ բոլոր անդամ երկրներն ավարտել են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացումը: Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա 2015-ի հունվարի 2-ից: Ինչպես դեկտեմբերի 22-ին հայտարարեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, «երեք երկրների նախագահները (ՌԴ, Բելառուս, Ղազախստան) վաղը դեկտեմբերի 23-ին կհայտարարեն, որ ԵՏՄ բոլոր անդամ երկրներն ավարտել են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացումը: Հայաստանը միության լիիրավ անդամ կդառնա պայմանագիրն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը՝ հունվարի 2-ին»:

Նա նաև հայտարարեց, որ դեկտեմբերի 23-ին կարող են ստորագրվել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին փաստաթղթերը:

Այսպիսով 2015-ի հունվարի 1-ից հետխորհրդային տարածքում կսկսի գործել խոշորագույն ինտեգրացիոն միավորում, որի սպառողական շուկան ներառում է մոտ 170 մլն մարդ, նշել է նա:

«Այս ժամերին լարված աշխատում են փորձագետներն ու կառավարությունները: Հուսով ենք, որ աշխատանքը կավարտվի Ղրղզստանի անդամակցության մասին պայմանավորվածությամբ»,-ասել է Ուշակովը, նշելով, որ այդ դեպքում Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի մայիսի 1-ին:

Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 2014 թվականի հոկտեմբերի 10–ին։ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»: