Եվրոպայի խորհուրդը հրաժարվել է Ադրբեջանում ընտրությունների դիտարկումից

Եվրոպայի խորհուրդը հրաժարվել է Ադրբեջանում ընտրությունների դիտարկումից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց նվիրված էր Ադրբեջանի ԿԸՀ մամուլի ասուլիսը:

Բոլոր 5015 ընտրատեղամասերը պատրաստ են քվեարկության, որից 4887-ը հիմնական են, իսկ 128-ը՝ ժամանակավոր, ասել է ԿԸՀ ղեկավար Մազահիր Պանախովը:

Քվեարկությանը հետևելու է 50551 տեղացի դիտորդ: Ինչ վերաբերում օտարերկրացիներին, ապա հրավիրվել են Եվրոպայի խորհրդի դիտորդները, որոնք սակայն մերժել են հրավերը: «Նրանք մեզ ասացին, որ չեն կարողանա ժամանել: Մենք շատ խնդրեցինք, բայց նրանք հրաժարվեցին»,-բողոքել է Պանախովը

Ընտրություններն անցնելու են 118 ընտրատարածքում: Քվեաթերթիկներում ընդգրկվել է 37077 թեկնածու 15035 տեղի համար 1607 տեղական ինքնակառավարման մարմիններում, ասել է նա:

Ըստ Պանախովի, ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական կուսակցություն. «Ենի Ազերբայջան», «Քաղաքացիական համերաշխություն», «Ումիդ», սոցիալ-դեմոկրատներ, Ազգային վերածնունդ, Դեմոկրատական բարեփոխում, Մեծ վերածնունդ և «Հայրենիք»:

Հետո Պանախովը մի ամբողջ «քարոզ է» կարդացել լուսավորչական աշխատանքի մասին, որը կատարել է ԿԸՀ-ն ընտրությունների կապակցությամբ և կոչ է արել մամուլին ակտիվորեն լուսաբանել ընտրությունները: «Եթե մամուլը չգրի դրա մասին, նշանակում է, ինչ-որ շահ ունի այդ հարցում: Եթե ինչ-որ բացասական բան նկատեք, անպայման հայտնեք մեզ»,-կոչ է արել լրագրողներին Պանախովը:

Մինչդեռ նախորդ ընտրությունների ժամանակ ԿԸՀ աշխատակիցները կոչ էին անում մամուլին չչափազանցնել բացասական երևույթներն ու իրենց գործով զբաղվել:

2012-ի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված Եվրոպայի խորհրդի անդամները աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթե զարդեր և այլ շռայլ նվերներ: Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով:

«Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազում անգամներ: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Արձակուրդը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,-ասվում էր զեկույցում:

2013-ին ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններում գնահատեց դրանք որպես թափանցիկ ու արդար: Ավելի ուշ ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրեց Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Ադրբեջանում ընտրությունների դրական գնահատականը ԵԽԽՎ կողմից քննադատության ենթարկվեց ԱՄՆ կողմից: Քննադատությունը հնչել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության գործող ղեկավար Քրիսթոֆեր Մադուրոյի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին հասցեագրված հայտարարության մեջ: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լուրջ խնդիրներ է բացահայտել ընտրությունների բոլոր փուլերում՝ ներառյալ քվեարկության օրը և պարզել է, որ տեղ է գտնել արտահայտությունների, հավաքների ու միավորումների ազատության սահմանափակում: Միևնույն ժամանակ մենք զարմացած ենք, որ ԵԽԽՎ առաքելությունը հայտարարել է, թե ընտրություններն եղել են ազատ ու թափանցիկ, ներառյալ քվեարկության օրը»,-ասվում է նամակում: Ավելի ուշ Քրիսթոֆեր Մադուրոն հղում կատարեց Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հարֆի հայտարարությանը, որը հոկտեմբերի 10-ին հավանություն էր հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականներին ու մտահոգություն տեղ գտած խախտումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---