4 հուլիսի 2006 - 16:27 AMT
Բրիտանացի լրագրողը սպառնու՞մ է Ռուսաստանի պետական անվտանգությանը
Ռուսաստանի իշխանությունները մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Կովկասի բաժնի խմբագիր Թոմաս դը Վաալին: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ հղում կա այն օրենքին, որն արտոնում է արգելել օտարերկրացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թոմաս դը Վաալը, Ռուսաստան մուտքի արտոնագիր տրամադրելու մերժումը կապված է նրա հետ, որ ես երկար ժամանակ զբաղվել եմ չեչենական խնդրով: «Այո, ես գրել եմ «Չեչնյա.Աղետ Կովկասում» գիրքը, բայց դա 10 տարի առաջ էր: Գուցե, արտոնագիր չտրամադրելու առիթ է հանդիսացել այն, որ ես որպես վկա եմ հանդես եկել Ահմեդ Զաքաեւի էքստրադիցիայի գործով: Սակայն դրանից հետո անցել է 3 տարի: Ռուսաստանը անկանխատեսելի երկիր է եւ նրանից կարելի է ինչ ասես ակնկալել»,-ասել է Թոմաս դը Վաալը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս ողջ պատմությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: «Հակամարտության գոտում ես հիանալի հարաբերություններ ունեմ բոլորի հետ, ներառյալ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահներին»,-նշել է բրիտանացի լրագրողը:

Նշենք, որ Ռուսաստան մուտքի արտոնագրի տրամադրման մերժումը հիմնվում է 1996 թվականի օրենքի վրա, գլուխ 1, հոդված 27` արտերկրի քաղաքացիների կամ առանց քաղաքացիության անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն չի թույլատրվում այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգությունն ապահովելու համար: